Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի ասուլիսը մեկնաբանեցին ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը և ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Կա արդյո՞ք փակուղային իրավիճակ ներքին քաղաքական դաշտում:
«Քաղաքական գործչի հանդուրժողականություն ունեցող, նաև երկրի հոգսերով մտահոգված գործչի ասուլիս էր Սերժ Սարգսյանի ասուլիսը: Ես հարգում եմ Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց ես կամակորության տարրեր եմ տեսնում նրա մեջ, նա կարող էր ավելի իրատես գործողություններ ձեռնարկել , որ իրավիճակը փակուղի չմտնի»,- ասաց Մկրտիչ Մինասյանը: Նրա խոսքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանի շրջապատում մարդիկ կան, որոնք ոչ պատշաճ հայտարարություններ են անում:
Հրանուշ Խառատյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանը խորհուրդ է տալիս, որ բոլորը դրական մտածեն, բայց երբ Հանրապետական պատգմավորներին հարցնում են՝ ներկայացրե՞ց մի-երկու բարեփոխում, որի մասին սկսենք լավը մտածել, նրանք չեն կարողանում նշել: Մկրտիչ Մինասյանը նշեց, որ լավ բաներից են հանդուժողականությունը և խոսքի ազատությունը, որը տարիներ առաջ վատ մակարդակի վրա է եղել:
«Շունը հաչա, քամին փչի տարբերակն է»,- ասաց Հրանուշ Խառատյանը՝ խոսելով իշխանության «տրամադրած» հանդուժողականության և խոսքի ազատության մասին: Նա առանձնացրեց Սերժ Սարգսյանի ասուլիսից դրվագներ, որոնց հետ ինքը համաձայն չէ: Օրինակ, նա ասել է, որ ինչ տարբերություն քաղաքացու համար, թե ո՞վ է սոցապ նախարարը, եթե նա ստանում է իր թոշակները: «Ոչ, ինձ համար դա կարևոր է, քանի որ սոցապ նախարարը միայն թոշակ բաժանող չպետք է լինի, այլ ունակ լինի ծրագրավորել շատ ոլորտներ»,- ասաց նա: Հրանուշ Խառատյանի խոսքով՝ երկրում այսպիսի պայմաններում գտնվող ժողովուրդը ուղղակի չէր կարող նման 58 տոկոսով ընտրել տվյալ երկրի նախագահին, ինչը վկայում է, որ մեր երկիրը ոչ միայն ժողովրդավարական չէ, այլ բռնապետական է:
Խոսելով Սերժ Սարգսյանի այն արտահայտության մասին, թե ինքը հաղթել է ազնիվ պայքարում ու համակարգային ընտրակեղծիքներ չեն եղել, Հրանուշ Խառատյանը նշեց. «Խեղճ ԳԱԼԱ-ն այդքան ընտրակեղծիքների օրինակներ էր բերում, երբ ոստիկանների ներկայությամբ զանգում էին ու հայտնում ընտրակեղծիքների մասին, բայց ոստիկաններն ասում էին, թե ոչինչ չեն տեսել ու չեն լսել: Հո չպետք է քաղաքացին գործ տվող դառնա»,- ինչին ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը պատասխանեց. «Փաստերը տարեք տվեք դատախազին»:
Հրանուշ Խառատյանը բորբոքվեց հատկապես Սերժ Սարգսյանի այն հայտարարությունից, որ կառավարության կազմն իրեն արդարացրել է, քանի որ կա յոթ տոկոս աճ. «30-40 մարդու գաղութ է Հայաստանը, ու կա 7 տոկոս ա՞ճ, ու այդ աճը բաշխվում է նույն մի քանի մարդկանց միջև: Մի հատ գնանք գյուղ միասին, որտեղ ահավոր վիճակ է, տնտեսական բիզնես վարկը 12 տոկոսից ավել է, դա սնանկացման վարկ է, գյուղացիները մասսայական սնանկացած են: Ի՞նչ է նշանակում այս բանկային քաղաքականությունը' որևէ մեկը պետք է պատասխան տա՞, թե՞ ոչ»:
Մելանյա Մելքումյան