«Այսօր Հանրապետության Հրապարակի ցանկացած շենք ձևափոխման որևէ խնդիր չունի»,- այս մասին Irakan.info-ի հետ զրուցում ասաց ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Վերջինիս խոսքով' խնդիրը ոչ թե պատկերասրահի վրա հարկ ավելացնելն է, այլ այն, որ մոտենում են ընդհանրապես հրապարակի մյուս շենքերի ծավալներին:

«Կարող է Նարեկ Սարգսյանն ինչ-որ խնդիրներ տեսնում է, ես չեմ տեսնում: Գտնում եմ, որ այսօր հրապարակի շենքերից որևիցե մեկը ձևափոխման խնդիր չունի»,- ասաց ճարտարապետը:

Մ. Մինասյանի խոսքով' անհեթեթ են հնչում այն պատճառաբանությունները, թե հրապարակի շրջակայքում վեր խոյացած շինությունները աղճատում են հրապարակի տեսքը: «Այո, հրապարակն աղավաղում են իր շուրջը գտնվող սիուլետները, բայց դրա մասին պետք է շուտ մտածեին»,- նշեց նա:

Մ. Մինասյանը հատկապես վտանգավոր է համարում մրցույթի պայմաններում տեղ գտած այն եզրույթը, որով հնարավոր է դառնում փոխել հրապարակի և նրան հարող շինությունների ծավալատարածական չափերը: «Մրցույթը հայտարարելու դեպքում պայմանները պետք է հստակ լինեն: Ի՞նչ ծավալատարածական զարգացումների մասին է խոսքը, ես չեմ պատկերացնում: Անհանգստանալու տեղիք է տալիս նման մրցույթը' նման բովանդակությամբ»- ասաց Մ. Մինասյանը' հավելելով, որ մրցույթը ժամանակավրեպ է, պայմաններն էլ անհասկանալի են և կարող են նույնիսկ վտանգավոր լինեն հրապարակի հետագա ճակատագրի համար:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը բաց մրցույթ է հայտարարել Հանրապետության հրապարակի վերակառուցման համար: Իր հերթին Երևանի ճարտարապետ Նարեկ Սարգսյանը հայտարարել էր, որ պետք է լուծում տրվի հրապարակի տակ ստորգետնյա կայանատեղիներ կառուցելու, հրապարակի կենտրոնում կառուցված գորգային հատվածը շահագործելու, ինչպես նաեւ Լենինի արձանի տեղում որևէ բան կառուցելու կամ չկառուցելու խնդիրներին: Նա նաև ասել է, որ հրապարակի Պատկերասրահի շենքը պետք է փոփոխությունների ենթարկել, քանի որ այն իր դիրքով և իր ճարտարապետությամբ իր տեղում չէ. ժամանակին սխալ են կառուցել:

Irakan.info