Ճարտարապետների միության նախագահից այսօր հետարքրքվեցինք վերջինիս տեսակետը «Մոնումենտի անտառում» կառուցվող դղյակների ճարտարապետության վերաբերյալ և որպես Ճարտարապետների միության նախագահ՝ ի՞նչ գնահատական կտա այդ տենդենցին:

«Այդ տարածքում բավականին խիտ անտառ էր և ոչ մեկիս մտքով չէր անցնում, որ այն մի օր կզավթեն և կօկուպացնեն: Ի սկզբանե այն մարդիկ, ովքեր պարտավոր էին հոգ տանել Մոնումենտի անտառի մասին, պահել և պահպանել այդ անտառը, դարձան այնտեղ ապարանքներ կառուցողները: Անգամ մեկ ծառ հատելով՝ նրանք խաթարում են էկոհամակարգը, էլ չեմ խոսում անտառները հատելու գնով առանձնատներ կառուցելը: Հիմա էլ բարձր պարիսպ են կառուցել, որպեսզի անտեսանելի լինի այն ամենն, ինչ կատարվում է այդ պարիսպներից այն կողմ: Ոչ մի սովորական մահկանացու նման քայլի երբեք չէր կարող դիմել»:

Ըստ ճարտարապետների միության նախագահի՝ Խորհրդային միության տապալումից հետո եկող իշխանությունները չեն հետաքրքրվում ճարտարապետական նորմերով, չեն պահպանում դրանք, հաշվի չեն առնում ճարտարապետների առաջ քաշած չափանիշները. «Դրա համար էլ ունենք այն, ինչ ունենք: Ասվածի ապացույցը նաև քաղաքի կենտրոնում ուժի կիրառմամբ կառուցված այն շենքներն են, որոնք միջավայրն ապականում են»: 

Հիշեցնենք, որ Մոնումենտի անտառի շուրջ աղմուկը բարձրացավ հատկապես այն դեպքից հետո, երբ «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը հանրայնացրեց փաստը, որ Մանումենտի սպիտակ դղյակը պատկանում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եղբորը: