Ավելի քան 100 երկրներում այսօր նշվում է Ապահով համացանցի օրը: Չորրորդ տարին անընդմեջ այս օրվա առթիվ' Orange-ը, «Հայաստանի ինտերնետ հանրություն» և «Մեդիակրթության կենտրոն» կազմակերպությունների հետ համատեղ նախաձեռնում է «Ապահով համացանց Հայաստան» լայնածավալ ծրագիրը՝ նպատակ ունենալով համացանցն ավելի ապահով դարձնել երեխաների համար:
«Ապահով համացանցի միամսյակ» նախաձեռնության շրջանակներում 150 դպրոցների ավելի քան 3000 աշակերտներ կմասնակցեն բաց դասերի' ստանալով համացանցից ապահով օգտվելու վերաբերյալ գիտելիքներ և ուսումնական նյութեր: Հատուկ ուսումնական տեսանյութերի միջոցով Orange-ը ծնողներին պատկերավոր ցուցադրելու է երեխաներին ոչ ցանկալի բովանդակությունից պաշտպանելու հնարավորությունները: Կկազմակերպվեն հատուկ ծնողական ժամեր, որոնց ընթացքում կշոշափվեն համացանցի ապահով օգտագործմանն առնչվող խնդիրներն ու ռիսկերը, ինչպես նաև տեղեկատվություն կտրամադրվի երեխաների համար համացանցն ավելի ապահով դարձնելու տեխնիկական լուծումների վերաբերյալ: Նախաձեռնությանը մասնակցում են նաև Օրանժ Արմենիայի աշխատակիցներ, ովքեր միամսյակի ընթացքում համացանցից ապահով օգտվելու վերաբերյալ իրենց գիտելիքներն ու փորձը կկիսեն ծնողների հետ:
«Վերջին տարիներին Հայաստանում մեծապես աճել է համացանցի օգտատերերի թիվը, ինտերնետն այլևս շքեղություն չէ, այլ մեր առօրյայի բաղկացուցիչ մասը, և, լինելով հայկական շարժական ինտերնետի շուկայի առաջատարը, կարծում ենք, որ չափազանց կարևոր է կրթել համացանցի օգտատերերին և բարելավել անցանկալի բովանդակությամբ կայքերից երեխաների պաշտպանությունը», - նշեց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Հիշեցնենք, որ 2012թ-ից ի վեր՝ Orange-ն ինտերնետ ծառայությունների հետ մեկտեղ իր բաժանորդներին առաջարկում է շատ մատչելի գնով օգտվել Kaspersky Internet Security ծրագրից, որը երեխաների համար ապահովում է պաշտպանություն ոչ պատշաճ բովանդակությամբ կայքէջերից և տրամադրվում է մեկ ամիս անվճար փորձաշրջանով:
««Ապահով համացանց Հայաստան» ծրագրի շրջանակներում կազմակերպում ենք մասնավոր կյանքի պաշտպանության ու անվտանգության հարցերին նվիրված կրթական ծրագրեր և իրազեկման արշավներ: Սովորեցնում ենք, թե ինչ միջոցներով ու գործիքներով կարելի է կանխարգելել տեխնոլոգիաների ոչ նպատակային և վնասակար օգտագործումը: ՏՀՏ-ները կրթական և հաղորդակցական հզոր միջոց են, որոնք սակայն ճիշտ և նպատակային օգտագործման կարիք ունեն: Փորձը ցույց է տալիս, որ ՏՀՏ-ների ստեղծագործական կիրառումը դասապրոցեսում խթանում է պոզիտիվ բովանդակության օգտագործումը: Տեղեկատվական տեխնոլոգիաներն ակտիվորեն օգտագործող երեխաները, ավելի հեշտությամբ են կարողանում հաղթահարել համացանցի ռիսկերն ու դիմակայել դրա հնարավոր բացասական ազդեցությանը»,-ասաց «Ապահով Համացանց Հայաստան» ծրագրի համակարգող Նարինե Խաչատրյանը:
Մեդիակրթության կենտրոնն առաջարկում է Ինտերնետ գրագիտության ուսումնական ծրագրեր՝ դասավանդողների և սովորողների համար: Կազմակերպությունը աջակցում է դպրոցներին ստեղծելու կրթական էլեկտրոնային բովանդակություն, տրամադրում է գործիքներ և էլեկտրոնային հարթակներ համագործակցության համար:
Բոլոր նրանք, ովքեր անհանգստանում են իրենց երեխաների կողմից սպառվող ինտերնետային բովանդակության բնույթով և անվտանգությամբ, կարող են այցելել www.safe.am կայք, որտեղ տեղադրված են համացանցից ապահով օգտվելու վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ և խորհուրդներ:
«Ապահով համացանց» ծրագիրը նվիրված է Ապահով համացանցի միջազգային օրվան, որը սկսած 2004 թվականից նշվում է յուրաքանչյուր տարվա երկրորդ ամսվա երկրորդ շաբաթվա երկրորդ օրը: Համաեվրոպական INSAFE նախաձեռնությունը, տարեցտարի ընդլայնելով իր շրջանակները, համախբում է մարդկանց' պայքարելու ապօրինի, վնասակար և անցանկալի բովանդակության դեմ: