ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը և ՀՀ ներկայիս տնտեսական իրավիճակին ու զարգացման միտումներին, ինչպես նաև հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությանը վերաբերող հարցեր:

 

 

Կառավարության ղեկավարը նշել է, որ 2014 թ. շարունակվել է տնտեսության զարգացման աճի միտումը, և տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 3.9 տոկոսով (ծառայությունների, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներ): Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը շարունակելու է քայլերը և բարեփոխումները՝ տնտեսական աճի ապահովման, գործարար միջավայրի բարելավման, արտահանման խթանման և ներդրումների ներգրավման ուղղությամբ:

 

 

Մարկ Հորթոնը կարևորել է տնտեսական աճի ապահովման նպատակով ձեռնարկվող միջոցառումների շարունակականությունը՝ մարտահրավերներին դիմակայելու և նախատեսված բարեփոխումները կյանքի կոչելու գործում:

 

 

Կողմերն անդրադարձել են ԱՄՀ-ի կողմից Հայաստանին տրամադրվող «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF)/, «Երկարաձգվող վարկավորման» (ECF) ծրագրերին և քննարկել դրանց շրջանակում տնտեսության աջակցման ծրագրերի իրականացման հեռանկարները, ԱՄՀ-ի կողմից լրացուցիչ օժանդակության հնարավորությունները: Հանդիպմանն արծարծվել են նաև ՀՀ կառավարության ծրագրային առաջնահերթություններին, հարկային ու մաքսային վարչարարությանը և երկկողմ փոխգործակցությանը վերաբերող այլ հարցեր: