Եվրամիության կողմից 19 ֆիզիկական եւ 9 իրավաբանական անձանց նկատմամբ, այդ թվում՝ Ռուսաստանից, ընդունված պատժամիջոցները, ինչպես եւ պլանավորվում էր, ուժի մեջ կմտնեն փետրվարի 16-ից, չնայած Մինսկի նոր պայմանավորվածություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 13-ին հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Բրյուսելում պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին, կարճ ասել է՝ «Այո»:

 

Նա չի բացառել, որ Ռուսաստանի նկատմամբ կարող են սահմանվել նաեւ այլ պատժամիջոցներ, եթե Մինսկի նոր պայմանավորվածությունների իրագործումը վատ ընթանա:

 

«Եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա մենք ուրախությամբ կուղեկցենք այդ գործընթացը, եթե լինեն բարդություններ, ապա մենք չենք բացառում հետագա պատժամիջոցները»,- ասել է Մերկելը:

 

Ավելի վաղ եվրոպական դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի լրացուցիչ պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն փետրվարի 16-ին, չնայած փետրվարի 12-ին Մինսկում ձեռք բերված համաձայնություններին: