Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցները կարող են բացասաբար ազդել Գերմանիայի տնտեսության վրա, բայց, չնայած դրան, դրանք հարկավոր Է ընդունել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է սեպտեմբերի 1-ին:

 

«Ես արդեն ասել եմ, որ պատժամիջոցները կարող են բացասաբար ազդել, այդ թվում նաեւ գերմանական ընկերությունների վրա»,-լրագրողներին ասել Է նա Բեռլինում: Սակայն, նրա խոսքով՝ չնայած դրան, Մոսկվայի նկատմամբ սահմանափակիչ միջոցների կիրառումը միանգամայն անհրաժեշտ Է:

 

«Ռուսաստանի գործելակերպի ընդունումը ելք չԷ, ուստի անհրաժեշտ Էր նոր պատժամիջոցներ պատրաստել»,-հայտարարել է Գերմանիայի կանցլերը:

 

ԵՄ-ի անդամ երկրների ղեկավարները լույս օգոստոսի 31-ի գիշերը Եվրահանձնաժողովին եւ Եվրամիության արտաքին քաղաքական ծառայությանը հանձնարարել են մեկ շաբաթվա ընթացքում առաջարկություն պատրաստել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ:

 

Իրենց հերթին, ԱՄՆ-ի սենատորները կոչ են արել նախագահ Օբամայի վարչակազմին' զենք ուղարկել Ուկրաինայի իշխանություններին, որպեսզի նրանք կարողանան պայքարել, ինչպես ասվել է, «Ռուսաստանի ներխուժման» դեմ: Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար Ռոբերտ Մենենդեսն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է «վճարի ագրեսիայի համար»:

 

Սենատոր Ջոն Մաքքեյնը նշել է, որ խոսքը ոչ թե «միջամտության», այլ «ներխուժման» մասին է: CNN-ին տված հարցաազրույցում Մենենդեսը, որը ներկայացնում է Դեմոկրատական կուսակցությունը, ասել է, թե «մենք պետք է Ուկրաինային տրամադրենք պաշտպանության այնպիսի միջոցներ, որոնց շնորհիվ Պուտինը գին կվճարի հետագա ագրեսիայի համար», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: