ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը նախագահ Բարաք Օբամայի կողմից առաջարկված Էշթոն Քարթերին հաստատել է պաշտպանության նախարարի պաշտոնում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: 60-ամյա Քարթերն ավելի վաղ զբաղեցնում էր պաշտպանության փոխնախարարի պաշտոնը:
2009-2011 թվականներն ընդգրկող ժամանակաշրջանում նա ղեկավարել է զինված ուժերի համար զենքի գնումները, ինչպես նաեւ երկրի սպառազինության մեջ հինգերորդ սերնդի F-35 բազմանպատակային կործանիչի ընդունման ծրագրի վերակազմումը:
Քարթերը հանդես է գալիս ԱՄՆ-ի ռազմական բյուջեն ավելացնելու, նոր սպառազինությունների արժեքի նվազեցման եւ զորքերին շուտափույթ նոր տեխնոլոգիաներով ապահովելու օգտին:
Նախնական լսումների ընթացքում նա հայտարարել է, որ հակվում է Ուկրաինային ամերիկյան զենք մատակարարելուն, բայց ավելի ուշ ասել է, թե միջազգային հանրակցությունը պետք է Ռուսաստանի վրա ճնշում գործադրի տնտեսական ու քաղաքական միջոցներով:
Քարթերը կդառնա Բարաք Օբամայի նախագահության օրոք ԱՄՆ-ի պաշտպանության չորրորդ նախարարը:
Նախագահ Օբաման ողջունել է ԱՄՆ-ի Սենատի կողմից Էշթոնի թեկնածության հաստատումը:
Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ պետության ղեկավարը վստահություն է հայտնել, որ «Քարթերը հանգուցային դեր կխաղա պաշտպանական ծախսերի նկատմամբ ավելի պատասխանատու մոտեցում գտնելու Կոնգրեսի հետ մեր աշխատանքում»: Նրա համոզմամբ՝ դա «ավելի արդյունավետ կդարձնի գործունեությունը, կպահպանի մարտունակությունը եւ կամրապնդի ամերիկացի զինծառայողների հավատը»:
Ինչպես հայտնել են Պենտագոնում, Քարթերը երդում կտա «առաջիկա օրերին»: Մինչ այդ պաշտպանության նախարար կմնա նրա նախորդը՝ Չաք Հեյգելը: