Մադրիդում փետրվարի 11-ին տեղի է ունեցել «Արարատի հիշողությունը. ամենամոռացված ցեղասպանության 100 տարին» գրքի շնորհանդեսը: Հեղինակն է հայտնի գրող, լրագրող, մի շարք գրքերի, հոդվածների և հեռուստահաղորդումների հեղինակ Չավիեր Մորետը: 2002-ին իր «Գաղտնի կղզի. Իսլանդիա» աշխատության համար նա արժանացել է Մեծ ճանապարհորդներ գրական մրցանակին: «Արարատի հիշողությունը. ամենամոռացված ցեղասպանության 100 տարին» գիրքը բաղկացած է 270 էջից: Գիրքը զուտ պատմական իրադարձությունների շարադրում չէ: Ճանապարհորդական նոթերի ոճով գրված պատմության մեջ հեղինակը ընթերցողին է ներկայացնում իր և իր լուսանկարիչ ընկերոջ ճանապարհորդությունը Հայաստան և Արցախ:

 

Ընդգծելով, որ Հայոց ցեղասպանության մասին հիշողությունների կարելի է հանդիպել գրեթե ամեն մի հայի ընտանիքում, հեղինակն իր հիացմունքն է հայտնում առ այն, որ հայ ժողովուրդը, չնայած կրած անմարդկային տառապանքներին, իր մեջ ուժ գտավ վերածնունդ ապրելու, կերտելու անկախ պետականություն և պահպանելու իր հարուստ հոգևոր ժառանգությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում:

 

Գրքի վերջաբանում հեղինակը նշում է. «Այո, դժվար է գտնել աշխարհում մեկ այլ ազգ, ով այդքան ցրված է, բայց այդչափ միահամուռ և արմատներին կառչած: Ճիշտ են ասում, որ որտեղ էլ հայը գտնի հային, կստեղծի մի նոր Հայաստան»,-եզրափակում է հեղինակը: