Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ երկրի քաղաքացիների վստահության վարկանիշը փետրվարին հասել Է ռեկորդային 85 տոկոսի, ընտրություններում նրա թեկնածությունը պատրաստ Է պաշտպանել 74 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են «Հասարակական կարծիք» հիմնադրամի անցկացրած հարցման տվյալները:

 

Ուսումնասիրության համաձայն՝ եթե Ռուսաստանում նախագահական ընտրություններն անցկացվեին փետրվարի 15-ին, ապա հարցման մասնակիցների 74 տոկոսը կքվեարկեր Պուտինի օգտին (2015 թվականի հունվարին՝ 70 տոկոս, 2014 թվականի փետրվարին՝ 45 տոկոս):

 

Ռուսաստանի ղեկավարին վստահում Է հարցվածների 85 տոկոսը (2015 թվականի հունվարին՝ 73 տոկոսը). նախագահի պաշտոնում նրա աշխատանքին լավ Է վերաբերվում 84 տոկոսը, իսկ վատ Է վերաբերվում միայն 7 տոկոսը:

 

Ընդհանուր առմամբ Պուտինին դրական Է վերաբերվում ռուսաստանցիների 75 տոկոսը. նախագահի նկատմամբ միաժամանակ դրական եւ բացասական վերաբերմունք ունի 14 տոկոսը. բացառապես բացասական՝ 3 տոկոսը: Հետաքրքրական Է, որ պետության ղեկավարի նկատմամբ առավել դրական վերաբերմունք ունեն կանայք (78 տոկոսը), քան տղամարդիկ (71 տոկոսը), եւ 60-ից բարձր տարիքի մարդիկ (80 տոկոսը):

 

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, ՀԿՀ-ի հարցումը փետրվարի 7-8-ին անցկացվել Է ՌԴ-ի 64 սուբյեկտների 204 բնակավայրերում: Դրան մասնակցել 3 հազար մարդ: