Հունաստանի կառավարությունը մտադիր է վերանայել Անդրադրիատիկ գազատարով (TAP) փոխադրվելիք ադրբեջանկան գազի եւ հունական DESFA գազաբաշխիչ ցանցի մասնավորեցման մեխանիզմը, ինչի հետ կապված երեք պահանջ է առաջադրել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով հունական ekathimerini.com կայքը, այդ պահանջները Հունաստանի էներգետիկայի նախարար Պանայոտիս Լադազանիսը կներկայացնի Ադրբեջանի կառավարության ղեկավարներին եւ նախագահ Իլհամ Ալիեւին' այսօր Բաքվում տեղի ունենալիք հանդիպման ժամանակ:
Հունական կողմը գտնում է, որ TAP-ով' Թուրքիայի տարածքով ադրբեջանական գազի տարանցման արժեքը ցածր է, իսկ Հունաստանին վաճառվելիք ադրբեջանական գազի գինը' բարձր («Շահդենիզ-2» նախագծով 2020 թվականից սկսած Հունաստանը պետք է 25 տարվա ընթացքում տարեկան 1 մլրդ խմ գազ գնի – Caspian barrel):
Բաքվում հանդիպման գլխավոր թեմաներից մեկն էլ Հունաստանի պետական DESFA գազաբախշիչ ցանցի մասնավորեցման հարցն է:
Կայքը գրում է, որ Հունաստանի կառավարությունն այլեւս հետաքրքրված չէ DESFA-ի 66 տոկոս մասնաբաժին Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը (SOCAR) վաճառելու հարցում: Հունական կառավարական աղբյուրներից կայքին հայտնի է դարձել, որ Հունաստանի կառավարությունը նպատակահարմար է գտնում վաճառել միայն DESFA-ի 49 տոկոս բաժնետոմսերը: