Ոռոգման տարեշրջանի նախապատրաստական աշխատանքների մեկնարկի կապակցությամբ փետրվարի 14-ին Արարատի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նա հանդիպեց մարզի Ջուրօգտագործողների ընկերությունների ղեկավարներին, պոմպակայանների տնօրեններին, մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին:

 

 

«Արմնեպրես»-ի փոխանցմամբ' նախարարն այցելության ընթացքում եղավ Քաղցրաշենի, Գոռավանի, Վեդիի եւ Արմաշի պամպակայաններում, ծանոթացավ կատարված նախապատրաստական աշխատանքների ընթացքին: Արմաշի պոմպակայանը 2011 թվականին վերակառուցվել, տեխնիկապես վերազինվել է Հազարամյակի մարտահրավերներ հրմնադրամի ծրագրով: Այն ապահովում է 1800 հա ոռոգելի տարածք: Ողոգելիության ամենաբարձր տարածքը 240 մ է, իսկ ամենացածրը' 40 մ: Այս պոմպակայանի վերազինումից եւ թվայնացումից հետո, որը ոռոգման ջրով է ապահովում Անմաշ եւ Սուրենավան համայնքները, գյուղացիներն ավելի շատ հողատարածքներ են սկսել մշակել' հատկապես ծիրանենիներ:

 

 

Այնուհետեւ, գյուղատնտեսության նախարարը հետեւեց Նարեկ համայնքի սելավատարում կատարված մաքրման աշխատանքների ընթացքին, որոնք արդեն ավարտված կլինեն մի քանի օրից: Սելավատարը ջրով է ապահովում 70-80 հա հողատարածք: Հաջորդ կանգառը Դվինի ջրագծում էր, որտեղ նախապատարաստական աշխատանքներն արդեն ավարտված էին: Այստեղ եղանակային պայմանների նպաստավոր լինելու շնորհիվ մաքրման աշխատանքները սկսվել էին հունվարի 20-ից:

 

 

Գյուղատնտեսության նախարարը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հաշվի առնելով նախորդ տարվա փորձը, այս տարի նախարարությունն իր առջեւ խնդիր է դրել ավելի շուտ սկսել նախապատրաստական աշխատանքները, քանի որ եղանակային պայմանները նպաստավոր էին, եւ հետեւաբար, գյուղատնտեսական աշխատանքները կմեկնարկեն ավելի վաղ: «Ամեն օր նախարարության, ՋՕԸ-ների աշխատակիցների կողմից անց են կացվում մշտադիտումներ, որպեսզի մարտի 1-ից մենք կարողանանք հատկապես Արարատի եւ Արմավիրի մարզերի' Արարատյան դաշտավայրի բնակիչներին ճիշտ ժամանակին ապահովենք ոռոգման ջրով -ընդգծեց Կարապետյանը, հավելելով, որ առաջին իսկ պահանջի դեպքում հողօգտագործողը պետք է ստանա ոռոգման ջուր, իսկ ղեկավարությունը պետք է հետեւողական լինի, որպեսզի կատարվի արդարացի եւ ճիշտ ջրաբաշխում:

 

 

Լրագրողների այն հարցին, թե ամեն տարի կարծես կատարվում են նույն նախապատրաստական աշխատանքները, սակայն ոչ միշտ են սպասելիքները դրական արդյունք տալիս, նախարարը նկատեց, որ հատկապես նախորդ տարի սակավաջուր էր, իսկ նման խնդիրներից խուսափելու համար իրենք մտածել են նաեւ այլընտրանքային տարբերակների մասին, այն է' վերանորոգել են չաշխատող խորքային հորերը, որպեսզի անհրաժեշտության դեպքում դրանք գործարկեն եւ ստեղծված իրավիճակից կարողանան դուրս գալ:

 

Նա նշեց նաեւ, որ ըստ ՀՀ կառավարության քաղաքականության, այն հողատարածքները, որոնք ջրվում են մեխանիկա կան եղանակով, աստիճանաբար պետք է անցնեն ինքնահոս եղանակով ոռոգվելուն: Նա ընդգծեց նաեւ, որ պոմպակայաններում այսուհետ կտեղադրվեն սարքավորումներ, որոնց միջոցով հնարավոր կլինի նախարարությունից օնլայն տարբերակով հետեւել, թե որ պոմպակայանը որ օրը քանի ժամ է աշխատել, եւ որքան ջուր է մատակարարել, ինչի շնորհիվ հնարավոր կլինի պոմպակայանների աշխատանքը դարձնել թափանցիկ:

 

 

Լիլիթ Մաճկալյան