Ձմռան մեղմ կլիման բացասական ազդեցություն չի թողել բույսերի աճի վեգետացիայի վրա: Ընդհակառակը, վերջին շաբաթների գիշերային համեմատական ցուրտն ավելի նպաստավոր է, քան նախորդ տարիների եղանակային պայմանները: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին նշեց Արարատի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը:
Անդրադառնալով ոռոգման տարեշրջանի մեկնարկին' վարչության պետն ասաց, որ մարտի 1-ից մարզում ոռոգման համակարգերն ամբողջությամբ պատրաստ են անհրաժեշտ պահին հողագործին ոռոգման ջրով ապահովելուն. կատարվել են միջտնտեսային եւ ներտնտեսային համակարգի, ջրանցքների, միջհամայնքային ջրատարների մաքրման եւ վերանորոգման աշխատանքներ: Ավարտված են նաեւ ջրհան եւ հիդրոտեխնիկական կայանների, խորքային եւ հորիզոնական պոմպերի, շատրվանող հորերի նորոգման աշխատանքները:
Տերտերյանն ասաց, որ ելնելով այս տարվա եղանակային բարենպաստ պայմաններից, ոռոգման տարեշրջանի նախապատրաստական աշխատանքները մեկնարկեցին ավելի վաղ, ինչը հնարավորություն տվեց ոռոգման տարեշրջանին պատշաճ մակարդակով պատրաստ լինելուն:
Արարատի մարզին ոռոգման ջուր ապահովող ջուրօգտագործող ընկերությունները հինգն են. «Արտաշատ» ՋՕԸ, «Արարատ» ՋՕԸ, «Մասիս» ՋՕԸ, «Ազատ» ՋՕԸ եւ «Վեդի» ՋՕԸ, որոնք կանոնավոր ջրամատակարարմամբ են ապահովում մարզի ոռոգելի տարածքները:
Լիլիթ Մաճկալյան