Գյումրիում փետրվարի 14-ին կայացավ հանրային քննարկում՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության հետ կապված: Հանրային քննարկամանը մասնակցում էին ոչ միայն գյումրեցիներ, այլ նաև քաղաքացիներ հանրապետության այլ վայրերից:
Հանրային քննարկումը մեկնարկեց 1 րոպե լռությամբ՝ ի հիշատակ Ավետիսյանների: Նախաձեռնող խմբի անդամ Լևոն Բարսեղյանը նշեց, որ քննարկումը կազմակերպվել է հաշվի առնելով Գյումրիում հու նվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության հետ կապված բազմաթիվ հարցերը, հակասությունները, իրավական խնդիրները, նման հանցագործություններից հանրությանը անհրաժեշտ անվտանգության երաշխիքների կարիքը:
Քննարկմանը ներկա բոլոր ցանկացողներն ազատ էին սպանության դեպքի և հետագա բոլոր օրերի հետ կապված նկատառումներ, վարկածներ ներկայացնելու համար: Եղան դիտարկումներ՝ իրավապահ մարմինների, ՀՀ գլխավոր դատախազի գործողությունների, Պերմյակովին սահմանի մոտ ձերբակալելու, ապա ռուսական կայազորին հանձնելու իրավական քայլերի և Գյումրիում այս պահին տիրող իրավիճակի մասին:
«Գյումրիում չեն արդարանում սպասելիքները: Ժամանակը մոռացնել չի տա այս դեպքը, և Գյումրիում հասարակական պահանջը կա ու շարունակում է մնալ, սա նմանատիպ առաջին հանարային քննարկումն է, բայց կարող են լինել սրա նման այլ քննարկումներ կամ ակցիաներ՝ ելնելով անհրաժեշտությունից: Երբեք ոչինչ այդքան գյումրեցիներին չի միավորել, ինչքան այս ողբերգությունը: Ամենատարբեր մարդիկ համախմբվել են այս գաղափարի շուրջ և սպասում են, թե ինչ են անելու իշխանությունները: Սպասում են՝ ոչ թե պասիվ, այլ շատ ակտիվ տարբերակով և մեր քայլերը պայմանավորված են դրանով՝ սա ակտիվ սպասման և չմոռանալու հատված է Գյումրիում: Ավելին, սա միայն գյումրեցիների մասին չէ, այլ ողջ Հայաստանի»,- նշեց Սախարովի իրավապաշտպան կենտրոնի Շիրակի մարզի մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը:
Քննարկաման ժամանակ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց իր կողմից ձեռնարկված բոլոր քայլերի մանրամասները՝ ՀՀ գլխավոր դատախազին և մարդու իրավունքերի պաշտպանին ներկայացված հաղորդումներ, նամակ ՌԴ նախագահին, ԱԺ հայտարարության նախագիծը: «Հաղորդումները հիմնականում վերաբերում են այն փաստերին, որոնց ՀՀ իրավապահ մարմինները չեն արձագանքել և այդ փաստերի վերաբերյալ հարուցված քրեական գործեր չկան՝ ինչպես է ինքնաձիգը դուրս եկել զորամասից և հասել Ավետիսյանների բնակարան:
Սա փաստացի ապօրինի զենքի տեղափոխում է, որի մասով քրեակ ան գործ հարուցված չէ և այդ մասով նաև Պերմյակովին մեղադրանք առաջադրված չէ, հաջորդը վերաբերում է Պերմյակովի ձերբակալմանը՝ ՀՀ պետական սահմանը հատելու պահին, սա նույնպես հանցակազմ է պարունակում, որի համար նույնպես պետք է Պերմյակովին մեղադրանք առաջադրվեր»,-նշեց Զարուհի Փոստանջյանը՝ ներկայացնելով նաև Պերմյակովի ձերբակալման և ռազմաբազա տեղափոխման և այս պահին էլ այնտեղ պահելու մասին իր դիրքորոշումը:
Գործը ողջ հանրության ուշադրության ներքո է, բայց գործի քննության վերաբերյալ տեղեկատվությունը ոչ լիարժեք է՝ դեպքի շարժառիթի, կատարման մեխանիզմի վերաբերյալ: Եթե որոշ բանախոսների կարծիքով դեպքը քաղաքական տեսանկյոնից պետք է դիտվի, մյուսները գտնում էին, որ դա պետք է դիտարկել զուտ իրավական է դաշտում:
«Մեկ ամսից ավելի է անցել, բայց մենք, ըստ էության, այնտեղ ենք, ինչ առաջին կամ երկրորդ օրը՝ որևէ լրացուցիչ, քիչ կամ շատ արժեքավոր տեղեկություն չունեք: Բոլոր այն վարկածները, որոնք կային շարունակում են մնալ սեղանի վրա»,-նշեց ԱԱԾ-ի նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով իրավապահ մարմինների գործողություններին և իրավական ընթացքին:
Հնչեցին նաև տեսակետներ գործի հետագա հնարավոր քայլերի մասին: Հանրային քննարկման ընթացքում ձևավորվեց աշխատանքային 3 խումբ՝ առաջին խումբը ներկայացրեց Ավետիսյանների ընտանիքի սպանության մասին ներկաներին հայտնի տեղեկությունների համադրում, 2-րդ խումբը՝ քննարկման ենթարկեց և իր դիրքորոշումը ներկայացրեց գործի վերաբերյալ իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության անելիքների վերաբերյալ և 3-րդը ներկայացրեց անելիքները՝ հանրությանը համանման դեպքերից անվտանգության երաշխիքների համար:Հանրային քննարկումն ավարտվեց ուշ երեկոյան: Խմբերի աշխատանքի արդյունքում կայացված եզրահանգման հիման վրա նախապատրաստվում է հայտարարություն, որն այս պահին մշակվում է և պատրաստ կլինի հաջորդ շաբաթվա սկզբին:
Արմենուհի Մխոյան