«Երկարատև և սերտ երկու դաշնակիցներ, որոնք միշտ ընդդիմության և ժողովրդի պահանջի դեմ են եղել, այսօր ուղղակի պայմանավորվածության չեն գալիս, թե ով պետք է 2018-ից հետո իշխի»,- Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց «Բարև Երևան» դաշինքի անդամ, «Ժառանգության» վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան փոխադարձ քննադատություններին:
Սաֆարյանի խոսքով՝ Սարգսյան-Ծառուկյան հակամարտությունում չկա պայքար հանուն պետության կամ հանուն ժողովրդի.
«Կարդում ենք Սերժ Սարգսյանի ելույթը, տեսնում ենք, որ Սերժ Սարգսյանը վաղուց գիտեր Գագիկ Ծառուկյանի դատարկության մասին, բայց պարզվում է՝ չի փորձել ազատվել նրանից:
Կարդում ենք Գագիկ Ծառուկյանի ելույթը, հասկանում ենք, որ Ծառուկյանը երկար ժամանակ քննարկել է, թե ում պետք է մնա իշխանությունը 2018-ից հետո, և երբ Սերժ Սարգսյանը մերժել է, դրա համար էլ ինքը ջղայնացել է: Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ այստեղ քաղաքական, հանուն պետության, հանուն ժողովրդի ոչինչ չկա»,- ասաց Սաֆարյանը:
Վերջինիս խոսքով՝ ՀՀԿ-ԲՀԿ առաջնորդների ելույթները, որտեղ նրանք փորձել են դիմել «սիրելի ժողովրդին»՝ բացատրելով, թե ինչու պետք է մեկը մյուսին վերացնի որպես չարիք, դառնում է նողկալի թատրոն:
«Շատերն են քննարկում, արհեստակա՞ն է սա, բեմականացվա՞ծ, թե՞ իրական, բայց ի՞նչ կարևոր է, չէ՞ որ դրանից արդյունքը չի փոխվում, եթե պայմանավորված խաղ է՝ առաջին երկրորդ տեղերում լինելու են նրանք, կապ չունի, թե ինչ հերթականությամբ: Եթե նրանք պայմանավորված չեն, ապա հաղթելու է նրանցից մեկը, դրանից բան չի փոխվելու, ինչպես և չի փոխվել նախկինում:
Մենք նրանց ավելի թույլ ինտենսիվությամբ կոնֆլիկտներին հետևել ենք 2007-ին, 2009-ին, 2012-ին: Այս ամենը լավագույն դեպքում ավարտվում է նրանով, որ Հանրապետականն առաջին տեղում է լինում, ԲՀԿ-ն' երկրորդ, բայց դրանից երկրի վիճակը չի լավանում: Ինձ համար բացարձակ միևնույնն է, իրականում պատերազմ հայտարարել են, թե պայմանավորված են անում դա: Սա էական չէ, ոչինչ չի փոխվում»,- ասաց նա:
Իսկ թե ի՞նչ ներքաղաքական զարգացումների սպասել, Սաֆարյանն ասաց. «Եթե պատերազմը հայտարարված է՝ սպասենք ռազմաճակատային գործողությունների, տեսնենք, թե ով ինչ դիրքեր կկորցնի»:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Հանրապետական կուսակցության քաղխորհրդի նիստին Սերժ Սարգսյանը քննադատության է ենթարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ նրան հասցնելով անգամ անձնական վիրավորանքներ։ Փետրվարի 13-ին Ծառուկյանը ելույթով պատասխանել է Սարգսյանին: