ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ճկունության, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մարդկայնության և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի բարության շնորհիվ Ուկրաինայի հարցով Մինսկում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում հնարավոր է դարձել արդյունքի հասնել: Նման կարծիք է արտահայտել բելառուսական պետության ղեկավա ր Ալեքսանդր Լուկաշենկոն՝ «Вести в субботу»-ի հաղորդավար Սերգեյ Բրիլեվին տված հարցազրույցում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստին, պատասխանելով այն հարցին, թե ինչ զգացողություններ է ունեցել երկար ընդմիջումից հետո արևմտյան առաջնորդների հետ շփումից հետո, Լուկաշենկոն նշել է. «Անկեղծ ասած՝ ես չէի ակնկալում, որ Օլանդն այդքան բարի է»:

 

Բելառուսի նախագահը Օլանդին բարի, շփվող և զգույշ մարդ է անվանել: «Ինչ վերաբերում է Անգելա Մերկելին, ապա նրա մոտ մարդկայնությունը բոլոր այլ մարդկային որակներից առաջ է: Չնայած նա նման որակներ շատ ունի»,- ընդգծել է նա:

 

Լուկաշենկոյի խոսքով, սակայն, դա չի նշանակում, որ Բելառուսը հարթել է հարաբերություններն արևմտյան երկրների հետ: «Ես այստեղ հույսեր չեմ փայփայում»,- ընդգծել է նա: Նա հավելել է նաև, որ չի գերագնահատում Բելառուսի դերը Ուկրաինայի հարցով Մինսկում տեղի ունեցած բանակցությունների կազմակերպման հարցում: Լուկաշենկոն նաև տեղեկացրել է, որ Բելառուսը չի պատրաստվում դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից: