Ուկրաինայի նախագահին կից բարեփոխումների միջազգային խորհրդի ղեկավարի պաշտոնում Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի նշանակումը երկու երկրների միջեւ սկանդալի ծագման պատճառ է դարձել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Գրուզիա Online» լրատվական գործակալությունը, Վրաստանում Ուկրաինայի դեսպան Վասիլ Ցիբենկոն կանչվել է Վրաստանի ԱԳՆ' այդ նշանակման հետ կապված բացատրություններ տալու:

 

Հաստատելով այդ լուրը' Վրաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ուկրաինայում Վրաստանի դեսպան Միխայիլ Ուկլեբան մտադիր է այդ երկրում Սաակաշվիլիին բարձր պաշտոնի նշանակվելու հետ կապված բացատրություններ ստանալ Ուկրաինայի համապատասխան գերատեսչություններում:

 

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն փետրվարի 13-ի հրամանագրով Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին նշանալկել է իր արտահաստիքային խորհրդական եւ նորաստեղծ Բարեփոխումների խորհրդակցային միջազգային խորհրդի ղեկավար: Բացի այդ, Սաակաշվիլին պետք է զբաղվի նաեւ Արեւմուտքից Ոկրաինա զենքի մատակարարման հարցերով: