Ազգային ժողովի աշխատակազմի ուսումնասիրությունների ավարտից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կքննարկի ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ աշխատակազմին արդեն հանձնարարել է ուսումնասիրել Ծառուկյանի բացակայությունների հարցը: «Այժմ աշխատակազմը զբաղվում է այդ հարցով, և երբ ավարտվեն ուսումնասիրությունները, ինձ կներկայացվեն արդյունքները, և ես այդ հարցը կքննարկեմ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:
Հարցին, թե Ազգային ժողովի նիստերից բացակայելո՞ւ, թե՞ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար է Ծառուկյանը մանդատից զրկվելու, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ ձեռնարկատիրական գործունեության համար Ազգային ժողովի նախագահը մանդատից զրկելու լիազորություն չունի:
Նա ընդգծեց, որ ուսումնասիրությունները վերաբերում են բոլոր խմբակցությունների պատգամավորներին: «Այդ տեղեկանքը կլինի, որից հետո ես կքննարկեմ, իսկ դուք կտեղեկանաք արդյունքների մասին»,- նշեց Սահակյանը:
ԱԺ նախագահն ընդգծեց, որ պատգամավորները բերել են ստուգումների և ուսումնասիրությունների համար անհրաժեշտ փաստաթղթերը: Հարցին, թե ի՞նչ փաստաթղթեր է ներկայացրել Գագիկ Ծառուկյանը, Սահակյանը պատասխանեց, որ այս պահին չի կարող ասել, քանի որ դրանք իր մոտ չեն պահվում:
Լրագրողի հարցին, թե քաղաքական հետապնդում չէ՞ Ծառուկյանին մանդատից զրկելը, քանի որ նա նախկինում էլ չէր ներկայանում նիստերին, սակայն մանդատից զրկելու հարց դրված չի եղել, Սահակյանը պատասխանեց. «Սա քաղաքական հետապնդում չէ: Պարզապես ոչ միայն ես, այլև քաղաքական այն ուժը, որը ես ներկայացնում եմ, միշտ էլ փորձել ենք այնպես անել, որ խորհրդարանում լարվածությունը չմեծանա, համագործակցության դաշտ ստեղծվի, սակայն մի օր դա էլ է իր վերջն ու վախճանն ունենում»,- նշեց Գալուստ Սահակյանը: