Երեւան-Երասխ-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի Արարատ-Սուրենավան հատվածի 3-րդ կիլոմետրում' «Արարատ-3» հակակարկտային կայանի մոտակայքում' Կախանովի ջրանցքում զենք-զինամթերքի որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով փետրվարի 16-ին ժամը 11: 31-ին հիշյալ վայր են մեկնել հրշեջ-փրկարարները: Աշխատանքներն իրականացնելիս ն րանց օգնել են նաեւ Երեւանից ժամանած հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի սակրավորական խումբը:
Ինչպես «Արմնեպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, սակրավորական խնբի կողմից հայտնաբերվել եւ ջրանցքից դուրս են բերվել «РПГ-7ե հակակարկտային նռնակների երկու կրակոց, «АГСե հաստոցավոր ավտոմատ նռնակների ութ կրակոց, մեկ փամփշտակալ, «շիլկա» տեսակի 16 փամփուշտ, 7,62 մմ տրամաչափի 440 հատ եւ 5,45 մմ տրամաչափի 40 հատ փամփուշտ: Հայտնաբերված զինամթերքը ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորական խմբի կողմից ոչնչացվել է ժամը 17:38 րոպեին: Դրանք ենթարկված են եղել կոռոզիայի:
Արարատի մարզի Արարատ գյուղի հակակարկտային կայանների շրջակայքում զենք-զինամթերքի վնասազերծումն անընդմեջ իրականացվել է նաեւ փետրվարի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին եւ 13-ին: Նախատեսվում է աշխատանքները շարունակել նաեւ այս շաբաթվա ընթացքում:
Ավելի վաղ, «Արմենպրես»-ը տեղեկացրել էր, որ փրկարարները եւ սակրավորական խումբն աշխատում են հայտնաբերել եւ վնասազերծել ամբողջ զինամթերքը: Ելներով զինամթերքի քանակից եւ քայքայված վիճակից, կարելի է ենթադրել, որ քաղաքացիները դրանք պահել են սկսած Արցախյան ազատամարտի տարիներից:
Լիլիթ Մաճկալյան