Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 47-րդ կմ-ին՝ Արարատ գյուղի վարչական տարածքում, Mitsubishi Pajero մակնիշի 32 ՕՍ 825 համարանիշի ավտոմեքենայի մեջ տղամարդու դի կա: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցները՝ բաժանմունքի պետ Հայկ Բաբայանի և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:

 

Տեղում աշխատում են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արարատի քննչական բաժանմունքի քննիչները՝ քննիչ Սասուն Զոհրաբյանի գլխավորությամբ: Օպերատիվ քննչական խումբը Mitsubishi Pajero ավտոմեքենայի մեջ հայտնաբերել է վարորդի՝ Արարատ քաղաքի բնակիչ 71-ամյա Արտուշ Գրիգորյանի դին: Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ վարորդը ավտոմեքենան վարելու ընթացքում հանկարծամահ է եղել, ինչն էլ պատճառ է դարձել, որ ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել բետոնե սյանը: Փաստի առթիվ քննիչ Ս. Զոհրաբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, մահվան վերջնական պատճառը հայտնաբերելու և ավտոտեխնիկական:

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը եղել է ամրագոտին կապած, իսկ ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են սրտի համար նախատեսված դեղեր: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ամբողջական ֆոտոշարքը՝ այստեղ: