ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ Ազգային ժողովի նախագահը պատգամավոր Մելիք Մանուկյանից ստացել է մանդատից հրաժարվելու դիմում:

 

Փետրվարի 16-ին սկսեցին լուրեր շրջանառվել այն մասին, որ ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել ԲՀԿ խմբակցության անդամ Կարո Կարապետյանը' չնայած ԱԺ նախագահի աշխատակազմ նրա դուրս գալու մասին դիմում չի ներկայացվել, ու կանոնակարգը պահանջում է, որ նա դիմումը ներկայացնի ոչ թե ԱԺ նախագահին, այլ խմբակցություն: ԲՀԿ խմբակցությունը լքելու մասին նույն օրը հայտարարել էր Արագած Ախոյանը:

 

ԱԺ կանոնակարգ-օրենքով նախատեսված է, որ պատգամավորը հրաժարականի մասին իր գրավոր դիմումն անձամբ ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որն այն հրապարակում է Ազգային ժողովի առաջիկա նիստում: Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ 15 օրվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով՝

 

ա) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին: Եթե պատգամավորը հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը և հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով: