Իրաքում «Իսլամական պետության» դեմ միջազգային գործողությունների համար Կանադան կծախսի 122 միլիոն կանադական դոլար, որը համարժեք է 98 միլիոն ամերիկյան դոլարի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Կանադայի պաշտպանության նախարար Ջեյսոն Քենին: Նա այս շաբաթվա ընթացքում խորհրդարանին զեկույց կներկայացնի ռազմական գործողությունների համար ծախսվող գումարի մասին:

 

«Ծախսերը կավելանան, եթե կառավարությունը կողմ քվեարկի ռազմական գործողությունները երկրարաձգելու համար»,- նշել է նախարարը:

 

Նա հաստատել է, որ ցամաքային պատերազմում մասնակցելու մասին խոսքի չի գնում:

 

Կանադական օդանավերն առաջին անգամ թռիչքներ են իրականացրել ԻՊ-ի դեմ 2014թ.-ի նոյեմբերի 2-ին:

 

ԱՄՆ-ն ԻՊ-ի դեմ Իրաքում ռազմական գործողություններ է սկսել օգոստոսի 8-ից: Այնուհետև նրան են միացել միջազգային դաշինքի երկրները, որոնց թիվը գերազանցում է 60-ը: Ավելի քան 5 ամիսների ընթացքում իրականացվող ռազմական գործողությունների արդյունքում ԻՊ-ն զգալի կորուստներ է կրել, սակայն կազմակերպությանը վերացնել այդպես էլ չի հաջողվում:

 

«Իսլամական պետությունն» ահաբեկչական կազմակերպություն է, որը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ.-ի ապրիլին «Ալ Կաիդա»-ի 2 ճյուղերի միավորման արդյունքում ձևովորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն է կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքում: 2014թ.-ի հունսիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև որոշում է ընդունվել խմբավորման ան վանումը փոխելու վերաբերյալ, և այն անվանվում է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրների զինյալներ: