Իրաքում «Իսլամական պետության» զինյալների դեմ միջազգային գործողությանը մասնակցությունը Կանադայի բյուջեի վրա կնստի 122 մլն կանադական դոլար (98 մլն դոլար): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի պաշտանության նախարար Ջեյսոն Քեննին:
«Այս շաբաթ ես ազգային խորհրդարանին զեկույց կներկայացնեմ այդ գործողության հետ կապված ծախսերի վերաբերյալ: Առաքելության արժեքը գնահատվում Է մոտավորապես 122 մլն դոլար»,- ասված Է գերատեսչության ղեկավարի հայտարարության մեջ: Քեննին հավելել Է, որ ծախսերը կավելանան, եթե կառավարությունը քվեարկի այդ գործողությանը կանադացի զինծառայողների մասնակցությունը երկարացնելու օգտին:
ՏԱՍՍ-ը հիշեցնում Է, որ 2014 թվականի հոկտեմբերին Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը որոշում Է ընդունել ԻՊ-ի դեմ գործող միջազգային կոալիցիային երկրի մասնակցության մասին, որն ավելի ուշ պաշտպանեց նաեւ երկրի խորհրդարանը:
Կանադայի ռազմական առաքելության ժամկետը սահմանված Է վեց ամիս: Քուվեյթում տեղակայված կանադական օդուժի ինքնաթիռներն առաջին մարտական թռիչքները կատարել են 2014 թվականի նոյեմբերի 2-ին: Նաեւ Մերձավոր Արեւելք են ժամանել 600 զինծառայողներ՝ «օժանդակելու օդային առաքելությանը»: Բացի այդ, գործողությանը մասնակցում են 70 զինվորական մասնագետ խորհրդականներ, ովքեր կոնսուլտացիաներ են անցկացնում իրաքցի զորահրամանատարների հետ: