«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը խոստանում է փետրվարի 20-ին լինել Ազատության հրապարակում՝ չնայած այն հանգամանքին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չեղյալ է համարել փետրվարի 20-ին նախատեսված հանրահավաքը: Փետրվարի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծեց, որ բոլոր հարցերին պատասխանելու է ուրբաթ օրը' ժամը 16:00-ին Ազատության հրապարակում: Ես անպայման լինելու եմ Ազատության հրապարակում: Ուրբաթ օրն ինձ բացական չդնեք, ես լինելու եմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' հայտարարեց Հովհաննիսյանը:

 

Լրագրողների հարցերին չպատասխանելու՝ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը հարուցեց լրագրողների դժգոհությունը: Լրագրողները դժգոհում էին այն բանից, որ նախորդ ասուլիսին Հովհաննիսյանն ընդհանրապես չէր ներկայացել, իսկ հիմա էլ հրաժարվում է պատասխանել հարցերին՝ խոստանալով դրանց անդրադառնալ չեղյալ հայտարարված հանրահավաքի ընթացքում: Ի պատասխան դժգոհությունների ու հետևողականորեն հնչեցվող հարցերին' Րաֆֆի Հովհաննիսյանը լռեց, շոյեց լրագրողներից մեկի այտը և հեռացավ՝ ևս մեկ անգամ կոչ անելով իրեն բացակա չդնել:

 

Ասուլիսի ընթացքում էլ Րաֆֆի Հովհաննիսյանն ընթերցեց հայ ժողովրդին ուղղված ուղերձը, որում անդրադարձավ երկրում առկա ներքաղաքական խնդիրներին, սոցիալ-տնտեսական ծանր պայմաններին, արտաքին մարտահրավերներին և դրանց լուծման ուղիներին:

 

Անդրադառնալով այն հանգամանքին, որ ԲՀԿ-ն չեղյալ է հայտարարել փետրվարի 20-ի հանրահավաքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ առկա իրավիճակը կքննարկեն վաղը՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստում, իսկ հարցերին կպատասխանի փետրվարի 20-ին Ազատության հրապարակում: