Արարատի մարզի Ներքին Դվին, Տափերական, Սուրենավան, Փոքր Վեդի գյուղերի բնակիչները 168.am-ի հետ զրույցում նշեցին, որ բացի գործող նախագահի նախընտրական շտաբից, որևէ այլ թեկնածու իրենց գյուղերում թեկնածու ընտրական շտաբ չունիում: Իրավիճակը, մեղմ ասած, ուշագրավ էր հատկապես Ներքին Դվին և Տափերական գյուղերում: Այստեղ Սերժ Սարգսյանի ընտրական շտաբերի մասին հիշեցնող ցուցավահանակը կա, բայց դրանք, ինչպես ասացին գյուղացիները, միշտ փակ են լինում: Մասնավորապես, զարմանք առաջացրեց Ներքին Դվին գյուղում գործող նախագահ Սերժ Սարգսյանի ընտրական շտաբի վիճակը, որը տեղակայված էր լքված մի կառույցում:
Ընդ որում, գյուղացիներն անգամ դժվարանում էին մտաբերել, թե նախկինում որպես ի՞նչ էր ծառայել այդ կառույցը: Նրանցից մեկը վախով, ապա խնդրելով չձայնագրել իրեն՝ ասաց, որ այդ կառույցը գնել է գյուղի «հանրապետականներից մեկը»: Այնուհետ մեր զրույցին միացավ գյուղացիներից մեկ ուրիշը՝ Հակոբ անունով, պնդելով, որ այդ շենքը պատկանում է իրեն։ Սակայն որևէ այլ տեղեկություն հրաժարվեց տալ: Զարմանալի էր նաև այն, որ գյուղի միակ ընտրական շտաբը կողպված է: «Իսկ ինչո՞ւ է կողպված» հարցին ի պատասխան՝ գյուղացիները նշեցին. կողպված է, որովհետև ընտրությունների արդյունքները վաղուց արդեն պարզ են:
Տափերական գյուղի միակ ընտրական շտաբը գտնվում էր նախկին «ունիվերսամի»' կրկին լքված շենքում: «Էս շենքը մի քանի դոլարով առավ մի անհատ ձեռներեց: Էս շենքը պարապ «խութ» ա, հիմի մենակ ծառայում ա իշխանական շտաբի համար: Էդ գնորդն էլ հիմա lանրապետական ա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Տափերական գյուղի բնակիչ Մինաս Եղիազարյանը:
Ցավալին այն է, որ այս գյուղերում խորհրդային տարիներից որևէ բան չի փոխվել, իսկ «նորն» էլ սահմանվում է միայն ընտրությունից ընտրություն, և այն էլ՝ ընդամենը ցուցավահանակի տեսքով։