Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը միանգամայն նորմալ է համարում Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը և դրանում որևէ հակասություն նախորդ հայտարարությունների հետ չի տեսնում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Ուրիխանյանն ընդգծեց, որ իրենք չեն գնում արյան գնով որևէ հարց լուծելու, երբե ք չեն գնացել և չեն գնա, ինչի մասին բազմիցս հայտարարվել է: «Ես զարմանում եմ, որ այսօր որևէ մեկը զարմանում է նրա շուրջ, ինչ հայտարարվել է առնվազն մի քանի հարյուր անգամ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ուրիխանյանը:

 

 

Հարցին, թե Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը քաղխորհրդի նիստից հետո, որում ասվում էր' գնալ իշխանափոխության, ի՞նչ էր իրենից ենթադրում, Ուրիխանյանը պատասխանեց․ «Ենթադրում էր այն, ինչ արտաբերվել էր՝ շարադրված հայերեն լեզվով։ Փոխակերպումներ այստեղ փնտրել պետք չէ»։

 

 

Հարցին, թե արտահերթ ընտրությունների հարցը հանվո՞ւմ է օրակարգից, ԲՀԿ խոսնակը հստակ պատասխան չտվեց. «Եթե որևէ մեկը մտածում է, որ մեկ օրվա մեջ Հայաստանում վերացավ 40%-ի հասնող աղքատությունը, վերացավ գործազրկությունը, դադարեց արտագաղթը և լուծվեցիին առկա խնդիրները, ապա ինքը վստահեցնում է մեզ, որ նման կերպ մտածողները սխալվում են:

 

 

Չգնալ ազգությամբ հայ մարդու արյուն թափելու ճանապարհով, չի նշաակում դադարեցնել պայքարը։ Իսկ պայքարը շարունակվելու է քաղաքական ճանապարհով՝ բացառելով արյունահեղությունը: Որևէ մեկը պատրա՞ստ է զոհաբերել իր մերձավորին, բարեկամին, ընտանիքի անդամներին հանուն երկրում քաղաքական նպատակների իրականացման համար։ Կարծում եմ՝ ոչ»,- հայտարարեց պատգամավորը՝ հավելելով, որ դա չի նշանակում, որ ԲՀԿ-ն ունենալու է այլ քաղաքական կուրս։

 

 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում տեղեկացրել է, որ չեղյալ է համարում փետրվարի 20-ին Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքը: Հայտարարություն է տարածել նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը' նշելով, որ Հայաստանում առկա խնդիրները լուծելու համար մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմել միմյանց դեմ, այլ հանգիստ, առանց միմյանց վիրավորելու աշխատել, ցույց տալ առկա բոլոր բացերը, գտնել լուծումներ և կյանքի կոչել դրանք: