Մոլդովայում ազգային արժույթի կտրուկ անկման պատճառով փետրվարի 18-ին բնակչությունը խանութների վաճառասեղաններից սրբում-տանում Է մթերքը եւ այլ ապրանքներ: Վիթխարի հերթեր են գոյացել առեւտրական կենտրոններում, որտեղ վերջին օրվա ընթացքում արդեն երկու անգամ բարձրացրել են գները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

 

Առավոտից կենցաղային տեխնիկայի շատ խանութներ, որն արտասահմանում գնվում Է արժույթով, չեն բացվել ապրանքների արժեքի վերագնահատման կապակցությամբ: Բացի դրանից, սկսվել Է վառելիքի գների բարձրացում. մի քանի լցակայաններ փակվել են՝ բենզինի արժեքը փոխելու համար:

 

 

Անցյալ տարի դոլարի նկատմամբ մոլդովական լեյի փոխարժեքն իջել Է 20 տոկոսով, իսկ նոր տարվա սկզբից՝ ավելի քան 25 տոկոսով եւ վերջին օրերին շարունակում Է սրընթաց անկում ապրել: Ազգային բանկի նախագահ Դորին Դրուգուցանուն ստեղծված իրադրությունը բացատրում Է արտաքին գործոններով:

 

 

Նրա խոսքով՝ տնտեսության վրա բացասական ազդեցություն Է գործել մոլդովական գինու, բանջարեղենի, մրգերի եւ պահածոների մատակարարումների վրա Ռուսաստանի սահմանած բռնարգելքը: Բացի դրանից, նվազում Է դրամական փոխանցումների ծավալը Ռուսաստանից, որտեղ աշխատում Է մոլդովացի աշխատող միգրանտների շուրջ 70 տոկոսը: Անցյալ տարվա դեկտեմբերին այս ցուցանիշը 2013 թվականի դեկտեմբերի համեմատությամբ նվազել Է ավելի քան 50 տոկոսով: Իրադրությունը զսպելու համար Ազգային բանկը փետրվարի 17-ին կտրուկ բարձրացրել Է կարճաժամկետ գործառնությունների բազային տոկոսադրույքը՝ 8,5 տոկոսից մինչեւ 13,5 տոկոս:

 

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ընդդիմության ներկայացուցիչները քննադատության են ենթարկել իշխանությունների գործողությունները. Սոցիալիստների կուսակցությունը, որը խորհրդարանում վերահսկում Է մանդատների մեկ քառորդը, բանկաֆինանսական հատվածի իրադրության վատթարացման կապակցությամբ պահանջել Է շտապ կարգով գումարել Անվտանգության բարձրագույն խորհրդի նիստ եւ խորհրդարանի արտահերթ նիստ: