Վրաստանի մի քանի ոչ կառավարական կազմակերպություններ Թբիլիսիում կազմակերպել են արժեզրկված ազգային արժույթի՝ լարիի խորհրդանշական թաղումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Սգում ենք լարիի մահը» խորագրով ակցիան անցկացվել է հանրապետության նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի տան մոտ:
«Քսան տարվա կյանքից եւ երկու տարվա ծանր հիվանդությունից հետո լարին վախճանվեց: Մենք եկել ենք այստեղ՝ ասելու նախկին վարչապետին, որ նա խաբում է ժողովրդին»,- լրագրողներին հայտարարել է «Ապրիորի» կազմակերպության նախագահ Բեսո Շենգելիան:
Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, ակցիայի մասնակիցները բերել էին դագաղ, որը լցված էր ազգային արժույթը խորհրդանշող թղթադրամներով, որոնց վրա պատկերված էր Իվանիշվիլին: Նրանք ստեղծված իրադրության համար մեղադրել են գործող իշխանությանը:
Ինչպես լրագրողներին պարզաբանել է «Նոր շարժում» կազմակերպության անդամ Գիրշել Բերտայան, հավաքվածները պահանջել են գործող կառավարության հրաժարականը, որը կազմել է Իվանիշվիլին: «Այս իշխանությունն իր անգործությամբ ու անձեռնհասությամբ երկրի տնտեսական իրադրությունը հասցրել է աղետի»,- ընդգծել է Բերտայան:
2014 թվականի նոյեմբերից ԱՄն-ի դոլարի նկատմամբ լարիի պաշտոնական փոխարժեքն ընկել է 26,8 տոկոսով եւ մարտի 29-ին Վրաստանի Ազգային բանկի կողմից սահմանվել է մեկ դոլարի դիմաց 2,2242 լարիի չափով:
Լուսանկարը' interpressnews.ge