Գեղարքունիքի մարզում դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը կմեկնարկի փետրվարի 21-ին: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից, դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլին կմասնակցեն դպրոցական եւ տարածքային փուլերն հաղթահարած աշակերտները:

 

 

Մարզային փուլը կմեկնարկի Գեղարքունիքի մարզի Մարտունու N2 հիմնական դպրոցում' մաթեմատիկա առարկայից: Տարածքային փուլն անցկացվել է մարզի հինգ, իսկ դպրոցական փուլը' 123 դպրոցներում: Նույն աղբյուրի հավաստմամբ' չորս առարկաների' աստղագիտության, քիմիայի, կենսաբանության եւ ինֆորմատիկայի գծով Հանրապետությունում առաջին անգամ օլիմպիադան կանցկացվի օնլայն եղանակով, իսկ մաթեմատիկա եւ ֆիզիկա առարկաներից' նույն եղանակով օլիմպիադան անցկացվում է արդեն երկրորդ անգամ:

 

 

Վերոգրյալ վեց առարկաներից դպրոցականների օլիմպիադայի օնլայն տարբերակին մասնակցելու համար Գեղարքունիքի մարզից հայտագրվել է 3 հազար 400 աշակերտ' մաթեմատիկա առարկայից 1681, ֆիզիկայից' 568, կենսաբանությունից' 480, քիմիայից' 383, ինֆորմատիկայից' 266 եւ աստղագիտությունից' 22 աշակերտ:

 

Խոսրով Խլղաթյան