Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը, լինելով Ասիայի եկեղեցիների խորհրդի անդամ, մասնակցել է Բանկոկում գործադիր վարչության նիստին:

 

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո Կաթողիկոսության պաշտոնական կայքից: Կաթողիկոսությունը ներկայացրել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Սեպուհ Արք. Սարգիսյանը: Նիստի օրակարգում եղել են 2 գլխավոր թեմաներ՝ ընդհանուր քարտուղարի ընտրություն և խորհրդի 14-րդ համաժողովի քննարկում, որը պետք է տեղի ունենա Ջակարտայում:

 

Նիստի ընթացքում Սեպուհ Սրբազանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Մասնակիցներն իրենց զորակցությունն են արտահայտել և ընդհանուր քարտուղարին հորդորել են այս առիթով Ասիայի եկեղեցիների խորհրդին անդամակցող բոլոր եկեղեցիներին պաշտոնական նամակ ուղարկել՝ ապրիլի 24-ին մեր նահատակների հոգիների համար աղոթելու նպատակով:

 

Նաև որոշվել է, որ ԱԵԽ-ի համաժողովը հատուկ անդրադարձ կկատարի տարելիցին:

 

Ժողովը դոկտ. Մատու Ջորջ Շունաքարային միաձայն ընտրել է որպես ԱԵԽ-ի ընդհանուր քարտուղար: Դոկտ. Շունաքարան պատկանում է հնդիկ Մար Թոմա եկեղեցուն: