Արմավիրի մարզի «Արա և Այծեմնիկ» ձիասպորտի կենտրոնում ավարտվեց արդեն ավանդական դարձած «Հայկի նետեր» նետաձգության միջազգային մրցաշարը, որն անցկացվեց հոկտեմբերի 23-25-ը: Այս տարի «Հայկի նետեր» միջազգային մրցաշարը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյակին, սրբադասված 1.5 միլիոն զոհերի հիշատակին: Մրցաշարի անցկացմանը մեծ աջակցություն է ցուցաբերում Երկրապահ կամավորականների միությունը:

 

Սպորտի նկատմամբ Մանվել Գրիգորյանի հետաքրքրությունը դրսևորվեց ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ հրադադարին հաջորդած շրջանում: Նա հիմնեց «Արա և Այծեմնիկ» ձիասպորտի կենտրոնը, և նրա անմիջական հոգածությամբ Հայաստանում առաջընթաց ապրեց նետաձգությունը: Զորավարն անձամբ նաև մասնակցում է այստեղ կազմակերպվող տարբեր միջազգային առաջնություններին և հերթական մրցաշարի ժամանակ կրկին այցելեց, ողջունեց ներկաներին:

 

Հայաստանի նետաձգության ֆեդերացիան՝ ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանի գլխավորությամբ, «Արա և Այծեմնիկ» ձիասպորտի կենտրոնում տարիներ շարունակ անցկացնում է տարբեր մրցաշարեր, հուշամրցաշարեր, Եվրոպայի առաջնության խաղեր:

 

Այս օրերին անցկացվող «Հայկի նետեր» մրցաշարին մասնակցում էին 4 պետության 10 թիմ: Մրցաշարն ընթացավ ինչպես անհատական, այնպես էլ թիմային պայքարում: Հոկտեբերի 25-ին տեղի ունեցավ մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը:

 

Տղաների անհատական պայքարում առաջին տեղը գրավեց Ղազախսատնի ներկայացուցիչը, երկրորդ և երրորդ տեղերը բաժին հասան Հայաստանի ներկայացուցիչներին:

 

Աղջիկների անհատական պայքարում առաջին պատվավոր հորիզոնականում Վրաստանի ներկայացուցիչն էր, իսկ երկրորդ և երրորդ հորիզոնականներում կրկին հայ նետաձիգներն էին:

 

Տղաների թիմային պայքարում առաջին և երկրորդ հորիզոնակններում Հայաստանի, իսկ երրորդում՝ Աջարիայի թիմն էր:

 

Աղջիկների թիմային պայքարում մեր թիմը կրկին հաջություն ունեցավ՝ զբաղեցնելով առաջին պատվավոր հորիզոնականը, երկրորդում Աջարիայի, իսկ երրորդում Ղազախսատնի թիմերն էին:

 

Մրցաշարի հաղթողներին հանձնվեցին հուշամեդալներ և պատվոգրեր: Բարձր ցուցանիշներ ապահովելու համար պատվոգրեր հանձնվեցին նաև թիմերի մարզիչներին: Մրցաշարի կազմակերպիչները վստահ են, որ տարեցտարի կընդլայնվի մրցաշարին մասնակցող մարզիկների ու պետությունների թիվը:

 

Հարևան երկրների ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին մրցաշարը բարձր մակարդակով անցկացնելու, հյուրընկալ ու ջերմ մթնոլորտի համար:

 

«Հայկի նետեր» մրցաշարը նպատակ ունի մեծացնելու Հայաստանի և հարևան երկրների մարզիկների պատրաստվածության աստիճանը, իսկ մրցակցությունը լավ փորձ կլինի՝ հետագայում ավելի մեծ հաջողություններ ունենալու համար: