Դեկտեմբերի 12-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում կայացավ Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառում: Դեսպանության կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների համակարգման Համառուսաստանյան հանձնաժողովի անդամները, Մոսկվայի հայ համայնքային կազմակերպությունների ղեկավարները, Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի ներկայացուցիչները, ՀՀ Սփյուռքի նախարարության խորհրդականը, Մոսկվայի Դիվանագիտական ակադեմիայի և առաջատար այլ ԲՈՒՀ-երի հայ և այլազգի դասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, քաղաքագետներ:

 

Բացման խոսքով հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ով, ողջունելով ներկաներին, մասնավորապես ընդգծեց, որ Ցեղասպանության ճանաչումը հայ ժողովրդի համար ազգային անվտանգության խնդիր է և պետք է դիտվի առաջին հերթին պատմական համատեքստում: Դեսպանը նշել է նաև, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումը համամարդկային նշանակություն ունեցող հարց է և կարևոր է առաջին հերթին նմանատիպ ողբերգություններից հետագայում խուսափելու համար:

 

ՀՀ դեսպանի խոսքին հաջորդել է քաղաքագետ, լրագրող Ա.Մելիք-Շահնազարովի ելույթը: Նա մասնավորապես նշել է, որ Ցեղասպանության խնդիրը և՛ քաղաքական, և՛ բարոյական տեսանկյունից արդիական է ոչ միայն հայերի, այլ նաև ամբողջ մարդկության համար:

 

Միջոցառմանը ելույթով հանդես է եկել նաև «Հայ-ռուսական համագործակցություն» ՀԿ նախագահ Յուրի Նավոյանը: Նա նշել է, որ այս միջոցառումն էլ ավելի արդիական և կարևոր է 2013թ նշվող ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման կոնվեցիայի 65-րդ տարելիցի համատեքստում:

 

Յուրի Նավոյանի ելույթին հաջորդել է «Արարատ» մշակութային միության նախագահ Է.Դոլբակյանի ելույթը: Մեջբերելով առաջատար, հեղինակավոր պատմաբանների կարծիքները' նա խոսել է Ռուսաստանի հայ համայնքի վերակազմավորման անհարժեշտության մասին, հիշատակեց Ցեղասպանության հարցում հայ համայնքի համախմբման համար անհրաժեշտ գործոնները:

 

Միջոցառման ավարտին ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը անցկացրել է ՀՀ Սփյուռքի նախարարության մեդալներով և պատվոգրերով պարգևատրման արարողությունը: Մասնավորապես «Արարատ» մշակութային միության նախագահ Է.Դոլբակյանին շնորհվել է ՀՀ Սփյուռքի նախարարության ոսկե մեդալը, գրող, սցենարիստ, ռեժիսոր, Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ, Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր Լևոն Գրիգորյանին' ՀՀ Սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալը, Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմին' ՀՀ Սփյուռքի նախարարության շնորհակալագիրը, Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին' ՀՀ Սփյուռքի նախարարության շնորհակալագիրը, «Հայ-ռուսական համագործակցություն» ՀԿ նախագահ Յուրի Նավոյանին' ՀՀ Սփյուռքի նախարարության շնորհակալագիրը, ՀՀ Սփյուռքի նախարարի խորհրդական Ռուբեն Գասպարյանին' ՀՀ Սփյուռքի նախարարության շնորհակալագիրը:

 

Միջոցառման ավարտին հնչել են Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները' Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի «Հայորդաց տուն» հայեցի դաստիարակության կենտրոնի սաների կատարմամբ: