Սիրիացի կանանց և երիտասարդ աղջիկներին ստիպողաբար կնության են տալիս Ռաքքա քաղաքում «Իսլամական պետության» գրոհայիններին, հաղորդում է The Independent-ը:
Համաձայն սիրիացի ակտիվիստների Raqqa is Being Slaughtered Silently (RBSS) խմբավորման՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը փակում է համալսարաններն ու արգելում կանանց մեկնել այլ երկրներ սովորելու համար: Աղջիկներին չի կարելի աշխատել, ճանապարհորդել և նույնիսկ փողոցով քայլել առանց տղամարդկանց ուղեկցության, այլապես նրանց կարող են բռնաբարել կամ սպանել:
Այսպիսով, կանայք ստիպված են ամուսնանալ, որպեսզի իրենց չհետապնդեն: Ապագա կանանց հարկադիր ուղարկում են հատուկ «ուսուցման կենտրոններ», որտեղ նրանք Ղուրան են ուսումնասիրում և սովորում լավ տնտեսուհիներ լինել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ գրոհայիններն ավելի քան 150 իրաքցի կանանց են սպանել իրենց հետ ինտիմ հարաբերությունների մեջ մտնելուց հրաժարվելու համար: