ՄԱԿ-ի առաջին հումանիտար ավտոշարասյունը 62 տոննա օգնություն է հասցրել Դոնեցկ, որը ներառում է տաք իրեր, խմելաջուր, եւ դեղորայք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունը:
«ՄԱԿ-ը 62 տոննա հումանիտար օգնություն է հասցրել Դոնեցկ: Այն ներառում է հիգիենայի առարկաներ, տաք հագուստ, վերմակներ, կաթի փոշի, խմելաջուր եւ դեղամիջոցներ, որոնք հավաքվել են ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից»,- ասված է վարչության մամուլի տեղեկագրում:
Ուկրաինայում ՄԱԿ-ի համակարգող Նիլ Ուոքերը հայտարարել է, որ մի քանի օրվա ընթացքում Կիեւում կներկայացվի երկրին օգնություն ցուցաբերելու ծրագիրը: ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ընդլայնում է հումանիտար գործողությունները Ուկրաինայի արեւելքում եւ պլանավորում է առաջիկայում սննդամթերքով ապահովել շուրջ 190 հազար մարդու: