Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մարդասիրական օգնությամբ ավտոշարասյունը ժամանել է Դոնեցկ: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանն է հայտնել Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ Օլեգ Վորոնովը:
«15 բեռնատար Դոնեցկ են բերել ավելի քան 100 տոննա մարդասիրական օգնություն, որոնց մեծ մասը պարունակում են սննդամթերք, այդ թվում՝ մանկական սնունդ»,- ասել է նա:
Վորոնովի խոսքով՝ ոչ մի արտակարգ իրավիճակ ճանապարհին չի եղել: Այժմ սկսվում է բեռնաթափման գործընթացը:
Ավելի վաղ Վորոնովը հայտնել է, որ Արտակարգ իրավիճակների նախարարության շարասյունը մարդասիրական օգնություն է հասցրել Լուգանսկ:
«Լուգանսկ է ժամանել 15 բեռնատար, որոնք առաքել են ավելի քան 100 տոննա մարդասիրական օգնություն»,- ասել է նա:
Իշխանությունների որոշմամբ, առաքված ապրանքները կուղարկվեն այնպիսի քաղաքներ, որտեղ կա սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս:
Ուրբաթ օրը, Դոնեցկ և Լուգանսկ է բերվել ավելի քան 200 տոննա մարդասիրական օգնություն, որը նախատեսված է առավել տուժած քաղաքների համար, որտեղ ծանր հումանիտար իրադրություն է ստեղծվել: Նրանց թվում են Դեբալցևոն և այլ բնակավայրեր: