Ծայրահեղականության դեմ պայքարի հարցերին նվիրված միջազգային խորհրդաժողովի մասնակից երկրները տեղեկատվություն կփոխանակեն օտարերկրյա ահաբեկիչների վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 19-ի եզրափակիչ ելույթում հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Սյուզան Ռայսը:
Նա նշել է, որ «ծայրահեղականությանը հակազդելն անհրաժեշտ է բոլոր երկրների անվտանգության համար, եւ ոչ ոք չի կարող միայնակ պայքարել այդ սպառնալիքի դեմ»: «Մեր ապագան ահաբեկչական սպառնալիքից պաշտպանելու համար մենք պետք է միասին աշխատենք»,- հավելել է Ռայսը՝ ճշտելով, որ անհրաժեշտ է խափանել ահաբեկիչների պլանները, զրկել նրանց անպահով պատսպարաններից: «Մեզ հարկավոր է մերկացնել ծայրահեղական գաղափարախոսությունները»,- ընդգծել է ԱՄՆ-ի նախագահի օգնականը:
Ռայսը հայտնել է, որ գագաթնաժողովում կայացած քննարկումների ընթացքում մասնակիցները մշակել են գործողությունների ծրագիր: «Նախ մենք պայմանավորվեցինք աշխատել սերտ համագործակցությամբ, որպեսզի ճշգրիտ որոշենք սպառնալիքի բնույթը եւ ավելի լավ համակարգենք պատասխան քայլերը,- ասել է նա:- Մենք տեղեկատվություն կփոխանակենք օտարերկրյա ահաբեկիչների վերաբերյալ եւ կուժեղացնենք մեր սահմանների պաշտպանությունը այն ծայրահեղականների ներթափանցումից, որոնք վերադառնում են հակամարտության գոտիներից, մասնավորապես, Սիրիայից եւ Իրաքից»:
Ելույթ ունենալով պատվիրակությունների առջեւ՝ Ռայսը հատուկ նշել է «Իսլամական պետության» խմբավորման կողմից բխող սպառնալիքը: ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչը հայտարարել է իսլամիստների դեմ գաղափարախոսական պայքար մղելու անհրաժեշտության մասին, որում առաջատար դեր պետք է խաղան կրոնական գործիչները եւ համայնքների ղեկավարները: Գաղափարախոսական ճակատում ծայրահեղականների դեմ պայքարողներին օգնելու համար ԱՄՆ-ը Արաբական Միացյալ Էմիրությունների հետ համատեղ կստեղծի տվյալների թվային բանկ:
Այս եւ այլ կետեր տեղ են գտել գագաթնաժողովի մասնակիցների ամփոփիչ հայտարարության մեջ:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, խորհրդաժողովին, որը Վաշինգտոնում տեղի է ունեցել փետրվարի 18-ին եւ 19-ին, մասնակցել են 65 երկրների եւ տասը միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Արաբական պետությունների լիգայի ներկայացուցիչներ: Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորել է Անվտանգության համերկրային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը: