Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2015 թվականի հունվարին 1,3 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Անկում են գրանցել արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության, էլեկտրաէներգիայի արտադրության, արտաքին առևտրաշրջանառության ոլորտները:
Շինարարության ծավալը կրկին աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2,2 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում հունվարի ցուցանիշը 19,7 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ամսվա համեմատ: 2014թ. հունվարի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 3,8 տոկոսով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 1,8 տոկոսով:
Առեւտրի շրջանառությունը նվազել է 7,4 տոկոսով և կազմել 120 մլրդ 502 մլն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը' 87 միլիարդ 042.9 միլիոն դրամ, 6,3 տոկոսով նվազել է 2014թ. հունվարի համեմատ: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 11 տոկոսով (173 հազար 121 դրամ): Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2014թ. հունվարի համեմատ նվազել են 30,4 տոկոսով (272.5 մլն ԱՄՆ դոլար), ընդ որում' արտահանումը նվազել է 21,9 տոկոսով (75,6 մլն դոլար), իսկ ներմուծումը' 33,2 տոկոսով (196.9 մլն դոլար): Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվարին եղել է 475.73:
Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով: 2015թ. հունվարի արտաքին առևտրի ցուցանիշներն ամբողջական չեն'պայմանավորված ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ և դրանք հետագայում ենթակա են ճշգրտման: