Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2014 թվականի հունվար-ապրիլին 3,6 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանում շինարարության ոլորտում արձանագրված անկումից հետո առաջին անգամ նախորդ երեք ամիսներին արձանագրված աճը պահպանվել է' կազմելով 0,7 տոկոս (61 միլիարդ 782,8 միլիոն): Էլեկտրաէներգիայի արտադրության, արդյունաբերական արտադրության բնագավառներում անկումը պահպանվել է:

 

2013թ. հունվար-ապրիլի համեմատ այս տարի ծառայությունների ծավալն աճել է 2,8 տոկոսով և կազմել 317 միլիարդ 747.5 մլն դրամ, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 4,1 տոկոսով' կազմելով 111 միլիարդ 290,8 մլն դրամ: Առևտրի շրջանառությունն աճել է 5,1 տոկոսով և կազմել 627 մլրդ 009 մլն դրամ:

 

Արդյունաբերական արտադրանքի ծավալը' 369 միլիարդ 760,4 միլիոն դրամ, 1,4 տոկոսով զիջել է 2013թ. հունվար-ապրիլի ցուցանիշը: Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 1,5 տոկոսով (2 միլիարդ 695,2 մլն կՎտ.ժ), միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7,2 տոկոսով (159 հազար 511 դրամ): Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2013թ. հունվար-ապրիլի համեմատ աճել է 1,6 տոկոսով (1 միլիարդ 812,8 մլն ԱՄՆ դոլար), ընդ որում' արտահանումն աճել է 2,3 տոկոսով (466,5 մլն դոլար), իսկ ներմուծումը' 1,3 տոկոսով (1 միլիարդ 346,3 մլն դոլար):

 

Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-ապրիլին եղել է 411,85: Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով: