Սիրիայի կառավարական ուժերն ազատ են արձակել մեկ շաբաթ իրենց մոտ գերության մեջ գտնվող շվեդ լրագրող Իոկիմ Մեդինային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես լավ եմ, միայն հոգեբանական և ֆիզիկական հոգնածություն եմ զգում»,-շվեդական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է Մեդինան: Վերջինիս խոսքերով, նրան թարգմանչի հետ միասին բռնել են հսկիչ անցագրային կետերից մեկում: Հարցաքննությունից հետո նա մոտ մեկ շաբաթ փակված է եղել մեկուսարանում: «Բանտախցում մութ էր, այնտեղ կեղտոտ էր և արյունոտ, ես ինձ վատ էի զգում: Ինձ հարցնում էին այցիս նպատակի, Թուրքիայի, Իսրայելի և քրդերի նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին»,-ասել է Մեդինան: Միաժամանակ նա ընդգծել է, որ սիրիացի զինվորականներն իրեն բռնության չեն ենթարկել:
Սիրիայում 2011 թվականի մարտից շարունակվում են զինված բախումները, որոնց հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, մահացել է ավելի քան 200 հազար մարդ: Կառավարական զորքերին դիմադրություն են ցույց տալիս ահաբեկչական տարբեր խմբավորումների պատկանող զինյալներ: Առավել ակտիվ են Իսլամական պետությանը պատկանող զինված խմբավորումները: