Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեկսի գրավոր դիտարկումները կցվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվող «Հիլալ Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի գործին», որում նա ընդգծել է Ադրբեջանում խոսքի ազատության ոլորտում առկա համակարգային խնդիրները, այդ թվում քննադատողների նկատմամբ դատական հետապնդումները, միջազգային կազմակերպությունների նկատմամբ վրեժխնդրության դրսևորումները:
«Հիլալ Մամեդովի գործը, ում հանդիպել եմ 2012-2013 թվականներին' նախնական կալանքի կենտրոնում, լրագրողների, բլոգերների և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվողների նկատմամբ հետապնդումների խորհրդանշական գործ է: Ադրբեջանում նրանց նկատմամբ հետապնդումներ են իրականացվում չարդարացված, ընտրողական կամ քրեական մեդաղրանքներով, որոնց նկատմամբ չկա բավարար վստահություն:
Դա ցույց է տալիս այն կառուցվածքային խնդիրը, որն ազդում է մարդոÖ ‚ իրավունքների պաշտպանության համակարգերի և միջազգային մեխանիզմների գործունեության վրա: Վաղուց արդեն ժամանակն է, որ Ադրբեջանը հետևի իր պարտավորություններին և վերականգնի մթնոլորտը, որում կարելի է արտահայտել ընդհանուրից տարբերվող կարծիք առանց բռնաճնշումների վախի»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքը, նշել է Մուիժնիեկսը:
Այս միջամտությունն առաջինն է այն հինգ փաստաթղթերից, որոնք հանձնակատարը ներկայացնելու Ադրբեջանին առնչվող գործերում: Մյուսները վերաբերելու են Ինթիգամ Ալիևին, Ռասուլ Ջաֆարովին, Անար Մամադլիին և Լեյլա ու Արիֆ Յունուսներին: Հանձնակատարն այցելել է Ադրբեջան 2012 թվականի նոյեմբերին, 2013-ի մայիսին, 2014-ի հոկտեմբերին' խորհուրդ տալով Ադրբեջանի իշխանություններին' հարգել խոսքի և հավաքների ազատությունները: