Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այն կարծիքին չէ, որ մարտի 1-ին ընդդիմության հրավիրած հանրահավաքը կարող է ինչ-որ բան փոխել կամ վճռական նշանակություն ունենալ:

 

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այն դիտարկմանը, թե ընդդիմությունը խոսում է մարտի 1-ին հուժկու հանրահավաք անցկացնելու մասին, նշեց, որ ընդդիմությունը 1993թվականից խոսում է հուժկու հանրահավաքի մասին, սակայն դրանից ոչինչ չի փոխվում: «Ես որքան հիշում եմ, ընդդիմությունը 1993 թվականից խոսում է հուժկու հանրահավաքների մասին, բայց որևէ բան չի փոխվում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

 

 

Գալուստ Սահակյանը կարծիք հայտնեց, որ այդ հանրահավաքները, որի մասին անընդհատ խոսում և անում են ընդդիմադիրները, ավելի շատ շեղում են հասարակությանն իրականությունից, քան որևէ վճռական հարց են լուծում:

 

 

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում տեղեկացրել է, որ մարտի 1-ին' ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացնելու: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ այդ հանրահավաքին չի մասնակցելու, իսկ ԲՀԿ-ն դեռևս իր դիրքորոշումը չի արտահայտել: