Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը խորհրդդարանի քննարկմանը ներկայացրեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների նոր նախագիծը:
Նախարարը հայտնեց, որ նոր նախագծով կառավարությունն առաջարկում է շրջանառության հարկ վճարող համարվելու շեմը զգալիորեն բարձրացնել՝ դարձնելով այն 113.4 միլիոն դրամ: «Նոր փոփոխություններով կառավարությունն առաջարկում է բարձրացնել շրջանառության հարկ վճարող համարվելու շեմը՝ ներկայիս 58.35 միլիոն դրամի փոխարեն այն դարձնելով 113.4 միլիոն դրամ: Այս որոշումը կայացվել է շահագրգիռ բոլոր կողմերի հետ քննարկումների արդյունքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:
Նա նաև տեղեկացրեց, որ նոր նախագծով առաջարկվում է շրջանառության հարկի դրույքաչափը սահմանել 5 տոկոս, ինչպես նաև հանել ապրանքաշրջանառությունը փաստաթղթավորելու պարտադիր պահանջը՝ դարձնելով այն կամավոր: «Այն ձեռնարկատերերը, ովքեր կցանկանան փաստաթղթավորել և ցույց տալ իրենց տարեկան շրջանառությունը, կվճարեն դրա 1 տոկոսը, իսկ նրանք, ովքեր կհրաժարվեն փաստաթղթավորումից, պետք է վճարեն 5 տոկոս»,- հայտարարեց Ճշմարիտյանը:
Ավելի վաղ Ազգային ժողովը մինչև հուլիսի 1-ը հետաձգել էր «Շրջանառության հարկի մասին» օրենքում առկա պարտադիր փաստաթղթավորման պահանջը, ինչն առաջացրել էր ձեռնարկատերերի դժգոհությունը: Կառավարությունն առաջարկել էր ժամանակավորապես հետաձգել օրենքում առկա վիճահարույց դրույթը, իսկ մինչ այդ մշակել և խորհրդարանյի վավերացմանը ներկայացնել նոր նախագիծ, որը կբխի բոլորի շահերից: