Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը քննարկում է ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է, որ դատավորների ընդհանուր ժողովն իր կազմից ձևավորում է էթիկայի և կարգապահական հարցերի, ուսումնական հարցերի, ինչպես նաեւ դատավորների գնահատման հանձնաժողովները: Հիմնական զեկուցողը' ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը նշեց, որ դատավորների գնահատման հանձնաժողովի կազմում ընդգրկվում են 5 անդամներ' երկուսը՝ նախկին դատավորներ, որոնց աշխատանքը դատավորի պաշտոնում դադարել է պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով, մեկը՝ առաջին ատյանի դատարանների դատաորներից, մեկը՝ վերաքննիչ դատարանների դատավորներից, մեկը՝ վճռաբեկ դատարանի դատավորներից: «Գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածուն պետք է ունենա դատավորի պաշտոնում առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ և գործունեության գնահատման վերջին արդյունքներով՝ բարձր կամ լավ գնահատական»,- ասաց Մուրադյանը:

 

Նա նշեց, որ դատարանների նախագահները եւ Արդարադատության խորհրդի անդամները չեն կարող ընդգրկվել գնահատման հանձնաժողովի կազմում: Օրենքի նախագծով սահմանվում է, որ դատավորների գործունեությունը պաշտոնում նշանակման օրվան հաջորդող երկրորդ տարվանից հետո պարբերաբար ենթակա է գնահատման: «Դատավորների գործունեության գնահատման նպատակն է՝ բացահայտել և դատավորներին մատնանշել իրենց աշխատանքի արդյունավետությունը բարելավելու ուղիները, նպաստել դատավորների կողմից իրենց գործունեության վերլուծությանը, դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները կազմելիս նպաստել լավագույն թեկնածուների ընտրությանը: Դատավորների գործունեության գնահատումը կազմակերպում է գնահատման հանձնաժողովը, դատարանների նախագահների խորհուրդը սահմանում է դատավորների գործունեության գնահատման կարգը, ժամանակացույցը, մեթոդաբանությունը եւ ինքնագնահատման թերթիկի ձևը»,- ասաց Մուրադյանը:

 

Ներկայացնելով դատավորների գործունեության գնահատման չափանիշները՝ Գրիգոր Մուրադյանը նշեց, որ դատավորների գործունեության գնահատումն իրականացվում է քանակական եւ որակական չափանիշների հիման վրա: Քանակական չափանիշների հիման վրա դատավորների գործունեության գնահատումն անցկացվում է յուրաքանչյուր տարի՝ գործերի կառավարման ավտոմատացված համակարգի միջոցով, որը վարում է դատական դեպարտամենտը: Որակական չափանիշների հիման վրա դատավորների գործունեության գնահատումն անցկացվում է գնահատման ժամանակահատվածում ընգրկված երեք տարիների տվյալների հիման վրա: Գնահատումն անցկացվում է սկսած գնահատման ժամանակահատվածի ավարտին հաջորդող ամսվանից:

 

Դատավորների գործունեության գնահատման արդյունքներով բացահայտված ընդհանուր խնդիրները, ինչպես նաեւ առանձին դատավորների գործունեության ցածր արդյունքները քննարկվում են գնահատման հանձնաժողովում:

 

Գնահատման հանձնաժողովը յուրաքանչյուր դատավորի ուղարկում է նրա մասով նախատեսված գնահատականը: Գնահատման արդյունքների վերաբերյալ տեղեկությունները տրամադրվում են նաեւ այն դատարանի նախագահին, որտեղ աշխատում է դատավորը: Գնահատման արդյունքների վերաբերյալ գնահատման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել վարչական դատարան: Նախագծով սահմանվում է, որ գնահատման հանձնաժողովի որոշումը դատարանի կողմից անվավեր ճանաչվելու դեպքում անցկացվում է տվյալ դատավորի գործունեության նոր գնահատում՝ սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կ արգով: Դատավորը կարող է գնահատման արդյունքների վերաբերյալ գնահատման հանձնաժողովի որոշումների դեմ ներկայացնել առարկություն, որը կցվում է այդ որոշումներին:

 

Մուրադյանը նշեց, որ գնահատման ընդհանուր արդյունքներով դատավորի գործունեությունը ցածր գնահատվելու դեպքում գնահատման հանձնաժողովը որոշում է կայացնում դատավորին լրացուցիչ վերապատրաստման ուղարկելու մասին՝ սահմանելով այն չափանիշները, որոնցով նրա հմտությունները կատարելագործվելու անհրաժեշտություն ունեն:

 

Գնահատման հանձնաժողովի որոշումները տրամադրվում են ուսումնական հարցերի հանձնաժողովին' վերապատրաստման ուղղությունները որոշելու նպատակով:

 

Գնահատման ընդհանուր արդյունքներով դատավորի գործունեությունը միջին գնահատվելու դեպքում գնահատման հանձնաժողովը դատավորին առաջարկում է անցնել լրացուցիչ վերապատրաստման դասընթացներ, եթե գնահատմամբ բացահայտվում է որոշակի չափանիշով նրա հմտությունները կատարելագործելու անհրաժեշտություն: Դատավորի կողմից վերապատրաստում անցնելու համաձայնության առկայության դեպքում գնահատման հանձնաժողովի որոշումը տրամադրվում է ուսումնական հարցերի հանձնաժողովին' վերապատրաստման ուղղությունները որոշելու նպատակով:

 

Գնահատման ընդհանուր արդյունքներով դատավորի գործունեությունը ցածր գնահատվելու դեպքում դատավորը չի կարող դիմել ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկվելու կամ դատարանի նախագահի թափուր պաշտոնը համալրելու համար՝ մինչեւ գնահատման արդյունքների հաջորդ ամփոփումը: