Ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցությունները նախագիծ են ներկայացրել խորհրդարանի քննարկմանը, որով առաջարկվում է ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի գազի գնի հետ կապված խնդիրները: Այս մասին Ազգային ժողովի նիստի ընթացքում տեղեկացրեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

 

«Հանձնաժողովը հիմնականում ուսումնասիրելու է երկու հիմնական խնդիրներ: Առաջինը գազի դիմաց 300 միլիոն դոլար պարտքն է, որը գոյացել էր 2011թ. սկսած, ինչպե՞ս է գոյացել այդ պարտքը, որո՞նք են պատճառները: Եվ երկրորդ հարցը, որ մեզ հետաքրքրում է, այն է՝ մեծածախ և փոքրածախ գների կազմը, կառուցվածքը, դրանց ազդեցությունները, թե ինչպե՞ս է առաջացել այդքան մեծ տարբերությունը գազի երկու գների միջև»,- նշեց նա:

 

Մանուկյանի խոսքով՝ հարցերն ավելի շատ են, սակայն վերը նշված հարցերն են, որ շոշափում են հասարակության շահերը, քանի որ Հայաստանի բնակչության շուրջ 90 տոկոսը օգտվում է գազից: «Մենք ցանկանում ենք ընդամենը բացահայտել այս խնդրի շուրջ ստեղծված հարցերը, որը տարիներ շարունակ չենք կարողացել բացահայտել: Ստեղծվելիք հանձնաժողովը կուսումնասիրի անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, պարզաբանումներ կմտցնի և որոշ ժամանակ անց զեկույց կներկայացնի Ազգային ժողովին»,- նշեց նա:

 

Արամ Մանուկյանն առաջարկեց բոլոր խմբակցություններին ներկայացուցիչներ ունենալ այդ հանձնաժողովում, որպեսզի հնարավոր լինի համատեղ աշխատանքի արդյունքում ներկայացնել անհրաժեշտ պարզաբանումները և երեք ամիս անց զեկույց ներկայացնել Ազգային ժողովին:

 

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 23-ին կողմ քվեարկեց դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված հայ-ռուսական համաձյանագրերի վավերացմանը: Վավերացման էին ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ», «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրերը: