Վրաստանի ղեկավարության ներկայացուցիչներից ոչ մեկը չի ժամանի Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի տոնակատարությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստին, Պրահայում հայտարարել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերություն ների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:

 

«Վրաստանի ղեկավարության ներկայացուցիչներից որեւէ մեկի ժամանումը Մոսկվա՝ մասնակցելու ֆաշիզմի դեմ հաղթանակի 70-ամյակի տոնակատարությանը, չի պլանավորվում»,- ասել է Աբաշիձեն Ռուսաստանի արտաքին գործեր իփոխնախարար Գրիգորի Կարասինի հետ բանակցությունների հերթական փուլի ավարտից հետո:

 

Աբաշիձեի խոսքով՝ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ բարձր մակարդակի հանդիպման հնարավորության վերաբերյալ հայտարարություններ հնչել են երկուստեք, բայց հարկավոր է վաղօրոք վստահ լինել, որ այն արդյունավետ կլինի, կոնկրետ որոշումներ կընդունվեն առկա հիմնախնդիրների վերաբերյալ, ինչն առայժմ քիչ հավանական է: Ինչպես հայտնել է Վրաստանի ներկայացուցիչը, Աբաշիձեի եւ Կարասինի հերթական հանդիպման ուշադրության կենտրոնում եղել են երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերությունները եւ հումանիտար հարցերը: