ՄԱԿ-ի գաղթականների գործերի գերագույն կոմիսար Անտոնիու Գուտերիշը Եվրոպայի եւ Պարսից ծոցի երկրներին կոչ Է արել ավելի շատ վերաբնակիչների ընդունել Սիրիայից եւ այդ կերպ նրանց համոզել հրաժարվելու մաքսանենգների ծառայություններից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Պաշտոնյայի խոսքով՝ այս տարվա սկզբից ավելի քան 370 սիրիացիներ են ջրահեղձ եղել՝ փորձելով կտրել-անցնել Միջերկրական ծովը եւ հասնել Եվրոպա:

 

«Յուրաքանչյուր 20 մարդու, ում դա հաջողվել Է, բաժին Է ընկել մեկ խեղդված»,- հայտնել Է Գուտերիշը համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում: Նրա խոսքով՝ Եվրոպայի ափեր ժամանած 220 հազար մարդկանց մեկ երրորդը սիրիացի գաղթականներն են: Գերագույն կոմիսարը նշել Է, որ Եվրամիության՝ փախստականների որոնման եւ փրկության «Տրիտոն» առաքելությունը բավականաչափ արդյունավետ չԷ, քանի որ «սահմանափակ մանդատ եւ պաշարներ ունի»:

 

Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ Մերձավոր Արեւելքում պաշտոնապես գրանցված Է 3,8 միլիոն սիրիացի գաղթական: Նա նշել Է, որ առավել ծանր իրավիճակ Է ստեղծվել Հորդանանում եւ Լիբանանում, որոնք համապատասխանաբար 750 հազար եւ 1,4 միլիոն վերաբնակիչների են ընդունել հարեւան երկրից: Գուտերիշն ընդգծել Է, որ երկու երկրները լուրջ ֆինանսական օժանդակության կարիք ունեն. ոչ միայն գաղթականներին ընդունող համայնքներին ցույց տրվող նյութական օգնության տեսքով, այլեւ պետական մակարդակով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: