Նավթի գնի անկման պատճառով Պարսից ծոցի երկրների ՀՆԱ-ի աճը 2015 թվականին կդանդաղի մինչեւ 3,2 տոկոս, բյուջեները պակաս կստանան 275 մլրդ դոլար, դրանց դեֆիցիտը կկազմի 12,7 տոկոս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստին Լագարդը:

 

«Ներկայում Պարսից ծոցի պետություններում հարկային եւ արտահանական մուտքերի մեծ մասը բաժին Է ընկնում նավթին: Նավթի գները կտրուկ նվազել են 2014 թվականի կեսից, արտահանումից եկամուտները, ինչպես սպասվում է, 2015 թվականին գրեթե 275 միլիարդով պակաս կլինեն, քան 2014 թվականին: ԱՄՀ-ի կողմից կանխատեսվող բյուջետային դեֆիցիտը 2015 թվականին կկազմի ՀՆԱ-ի 12,7 տոկոսը»,- ասել է Լագարդը՝ նոյեմբերի 8-ին Քատարում ելույթ ունենալով Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի նիստում, որին մասնակցել են այդ երկրների ֆինանսների նախարարները:

 

Նաեւ, նրա խոսքով, սպասվում է, որ տարածաշրջանի երկրների ՀՆԱ-ի աճը 2015 թվականին կդանդաղի մինչեւ 3,2 տոկոս, իսկ 2016-ին՝ մինչեւ 2,7 տոկոս, ինչը պակաս է, քան 2014 թվականին (3,4 տոկոս):

 

Պարսից ծոցի երկրների թվում են համաշխարհային նավթաշուկայի խոշորագույն խաղորդները՝ Բահրեյնը, Քուվեյթը, Օմանը, Սաուդյան Արաբիան, Քատարը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: