Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել է, որ հանրապետության պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն, որին Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել էր մարտի 1-ին Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված երթի ժամանակ, ազատված է, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Կատարելով իմ կարգադրությունները՝ Մոսկվայում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսը հենց նոր ինձ զեկուցեց, որ պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյին դուրս է բերում բանտից»,- Twitter-ում գրել է Պյոտր Պորոշենկոն:
Ավելի ուշ նա գրել է, որ հեռախոսով խոսել է Գոնչարենկոյի հետ, որը գտնվում է Մոսկվայում Ուկրաինայի դեսպանատան տարածքում:
Ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը նոտա էր հղել Ռուսաստանին՝ Գոնչարենկոյին անհապաղ ազատելու պահանջով:
Պատգամավորի ձերբակալման մասին հայտնել էր Մոսկվայի ոստիկանությունը՝ հայտարարելով, որ Գոնչարենկոյին բռնել են ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին չենթարկվելու համար: