Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մարտի 1-ի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում որևէ նոր բան չի լսել: Վահրամ Բաղդասարյանը նաև այն կարծիքին է, որ հերթական հանրահավաքից հետո մարդիկ կրկին հիասթափություն են ապրել: «Ես այդ ելույթում որևէ նոր բան չեմ լսել: Հնչել են նույն հին ելույթները, հին առաջարկները: Ես կարող եմ ասել, որ սա նաև հանրահավաքի մասնակիցների կարծիքն է: Ես ցավում եմ, որ յուրաքանչյուր հանրահավաքից հետո մարդիկ էլ ավելի են հիասթափվում, ինչի մասին խոսում էր նաև վերջին հանրահավաքի մասնակիցների թիվը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բաղդասարյանը:

 

Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում որոշ ուժեր ոչ թե իշխանափոխություն են ցանկանում իրականացնել, այլ ընդդիմափոխություն՝ Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ ինքն արդեն մեկ անգամ ասել է, որ հիմա ընդդիմության շարքերում պայքար է գնում՝ ընդդիմադիրի թափուր տեղը զբաղեցնելու համար: «Սակայն ես ցավում եմ, որ այդ ամենը գնում է այսպես մրցավազքի, միմյանց վիրավորելու և նսեմացնելու ճանապարհով:

 

Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, մենք չենք կարողանալու ձևավորել այն քաղաքական և գաղափարական ընդդիմությունը, որը ցանկանում ենք: Ես նաև գնահատում եմ այն, որ նրանք արդեն հասկացել են, որ իշխանափոխության կոչերն անիմաստ են, հասկացել են, որ դրա լավագույն եղանակը սահմանադրական ճանապարհով գաղափարական ընդդիմություն ձևավորելն է: Սա շատ կարևոր հանգամանք է, որը ես ֆիքսել եմ ընդդիմության մի հատվածի կողմից: Սակայն այս ճանապարհը, որ նրանք որդեգրել են, չի կարող նրանց տանել ընդդիմադիր դաշտը լրացնելու իրենց նպատակին»,- ասաց Բաղդասարյանը:

 

Հարցին, թե Հանրապետականը ինչպե՞ս է պատկերացնում այդ նոր գաղափարական ընդդիմությունը, Բաղդասարյանն ընդգծեց, որ այս տարիների ընթացքում առավել կառուցողական ընդդիմություն եղել է ՀՅԴ-ն: «Գիտեք, ընդդիմություն լինել' չի նշանակում միայն հայհոյել: Ընդդիմություն լինել, նշանակում է ստիպել իշխանությանը հաշվի նստել իր հետ: Այսինքն՝ այն բոլոր արդյունավետ ծրագրերը, որ նրանք ունեն, կարողանան դնել իշխանությունների առջև, իսկ իշխանությունները հաշվի նստեն դրանց հետ:

 

Իշխանությունն ունի իր ծրագրերը, ընդդիմությունն՝ իր ծրագրերը, և դրանք հակաժողովրդական չեն, բացառությամբ այն դեպքերի, երբ ընդդիմությունը փորձում է իրականացնել քայլեր, որոնք կարող են հանգեցնել իշխանության կործանմանը և իրենց իշխանության գալուն: Սա հակաժողովրդական և հակապետական գործելաոճ է և ընդունելի չէ ինձ համար: Իսկ երբ ընդդիմությունը ունի կառուցողական ծրագրեր, ներկայացնում է դրանք իշխանություններին, ստիպում է հաշվի նստել դրանց հետ, դա արդեն խոսում է այն մասին, որ ընդդիմությունը կառուցողական է: Երբ իշխանությունները չեն ցանկանում քննարկել ընդդիմության ներկայացրած արդյունավետ ծրագրերը, այդ դեպքում ընդդիմությունն իսկապես խոսելու և քննադատելու տեղ ունենում է»,- ընդգծեց Բաղդասարյանը: