Հայկական կողմը որևէ մեկ անգամ խնդրանքով հանդես չի եկել, որ այստեղ տեղակայվեն խաղաղապահներ: Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին ասաց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Եթե պնդում են, մենք դեմ չենք, բայց որևէ անգամ, մենք խնդրանքով հանդես չենք եկել»,-ասաց նա:
Թե միջազգային հանրության ներկայացուցիչներից ովքե՞ր են պնդում, ո՞ր կողմը՝ ռուսակա՞ն, թե՞ ամերիկյան, Վահրամ Բաղդասարյանը նշեց, թե ոչ մի կողմն էլ չի պնդում, ընդամենը նման քննարկումներ և առաջարկություններ կան:
Թե ո՞ւմ կարող ենք վստահել Արցախի անվտանգությունը հարցին ի պատասխան՝ Վահրամ Բաղդասրյանը կրկնեց՝ չեղած բանի մասին ենք խոսում: «Մենք հույսը պետք է դնենք մեր ժողովրդի մոբիլիզացիայի վրա, որևէ բանակցության, որևէ երկրի վրա հարկավոր չէ հույս դնել»,- ասաց նա:
Հարցին, թե Լավրովը Բաքվում բանակցային սեղանին դրված ի՞նչ լուծումների մասին է խոսում, ՀՀԿ պատգամավորը պատասխանեց, որ խոսքը Կազանում ձեռք բերված համաձայնության մասին է, որն Ալիևը ձախողեց, և այլ համաձայանություն ձեռք բերված չէ: «Մենք պնդում ենք, որ ԼՂՀ-ն պետք է պարտադիր լինի բանակցային կողմ՝ որպես հակամարտող կողմ»,- ասաց նա:
Այն հարցին, թե Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ ՀՀ-ն հովանավորներ չունի, կարո՞ղ է ենթադրել, որ ՀՀ-ն կվերանայի ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի անդամակցությունը, Վահրամ Բաղդասարյանը նշեց՝ բնականաբար, հովանավորներ չունենք, և ավելին՝ դրանց կարիքն էլ չենք զգում:
«ՀԱՊԿ-ի հետ կապված անդամ որոշ երկրների հայտարարությունները հեղինակազրկում են այդ կառուցը: Այն սպասելիքները, որ ունեինք, չիրականացվեց և այդ պայմաններում չենք կարող նրանց հովանավոր անվանակոչել: Մեր հույսը պետք է դնենք մեզ վրա: Հորդորել և հորդորում ենք՝ եթե կառույց կա, ուրեմն պետք է լինի միասնական՝ հակառակ դեպքում լուրջ վտանգի տակ է այդ կառույցն ու նրա հեղինակությունը»- եզրափակեց Բաղդասարյանը: